«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կայացել է «Հանուն Հանրապետության ԺՊԴ» կուսակցության արտահերթ համագումարը, որից հետո կուսակցության գրասենյակը հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հանուն Հանրապետության Կուսակցության արտահերթ սույն համագումարը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ուղիղ սպառնալիքի տակ է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը, մեր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անդորրը, երբ մեր բանակի վերականգնումը, արտաքին, անվտանգության, պաշտպանական քաղաքականությունների վերարժեւորումը եւ վերանայումը՝ օրվա հրամայական են, վաղվա արհավիրքների հավանականությունը նվազագույնի հասցնելու գրավական։
Միեւնույն ժամանակ, վերը նշված մարտահրավերների խորապատկերին, Հայաստանի հանրությունն ականատես է մի իրողության, որ խորհրդարանում ներկայացված՝ քաղաքական դաշտի որոշակի հատվածը, սերված լինելով նախկին կրիմինալ եւ կոռումպացված, պետությունը երկու տասնամյակ զավթած ռեժիմից՝ դրսեւորում է բացառիկ անպատասխանատվություն, ձեռնամուխ լինելով պայքարելու ոչ այնքան իշխանության, որքան հենց պետության եւ նրա գոյաբանական շահերի դեմ, այդպիսի վարքագիծը քողարկելով կեղծ հայրենասիրական պաթոսով եւ հռետորաբանությամբ, թիրախավորելով ներկայիս իրավիճակում առկա՝ առավել զգայուն նշանակետերը։

Դրանով հարվածի տակ է դրվում մեր Զինված Ուժերի մարտունակությունը, ռազմական կարողությունները եւ մարտական ոգին, Հայաստան-Արցախ կենսական կարեւորության հարաբերությունները, մեր երկրի միջազգային դիրքերը եւ հայկական դիվանագիտության մանեւրելու՝ ներկա դրությամբ առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները, հանրությունը մղելով ապատիայի եւ սեփական երկրի ապագայի հանդեպ անտարբերության դաշտ։ Մյուս կողմից, անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ այս իրողությունը կլիներ անհնարին, եթե համապատասխան պետական ինստիտուտների կողմից ժամանակին պատշաճ իրավա-քաղաքական եւ քրեա-իրավական գնահատական տրվեր մերժված ռեժիմի քսանամյա գործունեությանը եւ համարժեք քայլեր ձեռնարկվեին դրա ավերիչ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ, իսկ դատական իշխանության եւ իրավապահ մարմինների՝ վաղուց հասունացած արմատական բարեփոխումներն անցած ավելի քան երեք տարիների ընթացքում անցկացվեին պատշաճ խորությամբ եւ համապարփակությամբ։

Հանուն Հանրապետության կուսակցության արտահերթ համագումարում ընդունված սույն հայտարարությամբ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակում մեզ համար բացարձակ առաջնահերթություններն են՝ բանակի արդիականացումը եւ հինգերորդ եւ հետագա սերունդների պատերազմներին պատրաստ Զինված Ուժերի ստեղծումը, բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիակցիան (բազմազանեցումը), պետական կառավարման համակարգի եւ հասարակական-քաղաքական կյանքի արմատական համակարգային բարեփոխումները, երկրի ժողովրդավարեցումը, ապաքրեականացումը եւ համապատասխանեցումը 21-րդ դարի քաղաքակիրթ աշխահին հարիր պատկերացումներին եւ չափորոշիչներին, ինչն անհնարին է առանց կրթական համակարգի արմատական, սրընթաց արդիականացման, մշակութային կյանքի շեշտակի աշխուժացման, հայրենադարձության ինստիտուցիոնալ կազմակերպման։

Չնայած մեր կուսակցության չափազանց երիտասարդ տարիքին, մենք ունենք բավարար փորձ և հմտություն անվերապահորեն շարունակելու գործել հանուն Հանրապետության, առաջնորդվել եւ առաջնորդվելու ենք բացառապես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետության, հասարակության եւ քաղաքացու շահերով, դրանց ներդաշնակեցման, փոխլրացման դիրքերից»։

© factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ