«Բնակիչը պիտի զգա, որ համայնքն ու ղեկավարն իր կողքին են…». Նորքի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանի հարցազրույցը

«Համայնքի բնակիչը պիտի զգա, որ համայնքն ու ղեկավարն իր կողքին են»,-ասում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանը: 34 ամյա տնտեսագետ-ֆինանսիստը մեկ շաբաթ է՝ ղեկավարում է համայնքը, սակայն հասցրել է ծանոթանալ առաջնային խնդիրներին, նաև ձեռնարկած աշխատանքների միջոցով կարողացել վարչական շրջանը եկամուտների հավաքագրման մասով վերջին տեղից հասցնել առաջատար համայնքների եռյակին:

«Բնավ չեմ ուզում թերագնահատել վարչական շրջանի նախկին ղեկավարի ու նրա թիմի աշխատանքը, նրանք իմ գործընկերներն են, սակայն նպատակ կար մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովել մեր համայնքի եկամուտների հավաքագրումը, ինչը քիչ թե շատ ստացվեց»,- ասում է Ղամբարյանն ու հավելում՝ հավաքագրված ամբողջ գումարը ծախսվելու է ի շահ բնակիչների:

Վարչական շրջանի խնդիրները շատ են, դրանց առավել արագ լուծում տալու համար համայնքի ղեկավարը հանդիպել է համատիրության նախագահների հետ, սահմանել առաջնահերթությունները:

«Առաջին հերթին պետք է աղբահանության խնդիրներով զբաղվենք: Ինտենսիվ իրականացվում է բարձրահարկ շենքերի աղբամուղների փակման ու նոր աղբարկղերի տեղադրման գործընթացը: Համայնքում նաև կուտակված շինաղբի խնդիրներ կան, դրանք ևս մեր ուշադրության կենտրոնում են»,-նշում է վարչական շրջանի ղեկավարը:

Համայնքապետարանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մեջ ներառված են այգիների կանաչապատումն ու բարեկարգումը, մանկապարտեզների կոյուղագծերի վերանորոգումը, շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգումն ու նոր վերելակների տեղադրումը:

«Այս ամենը մանրամասն քննարկվել է համատիրությունների նախագահների հետ, իմ մեծագույն պահանջն այն է, որ ապահովենք բնակիչների հետ անմիջական կապը թե ինձ հետ, թե մեր ամբողջ թիմի հետ, քանի որ ես չեմ տարանջատում՝ բնակչի խնդիրն իմ խնդրից»,-ասում է Ղամբարյանը և ավելացնում որ մեծ ու փոքր բոլոր բողոքները, բնակիչների անհանգստությունները լսելի են լինելու և անգամ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության հետ գործակցելով լուծվելու են:

«Քաղաքացին պիտի զգա, որ իր առարկայական խնդիրներն անտեսված չեն համայնքի ղեկավարի կողմից, սա կարծում եմ ամենակարևորն է»,-եզրափակեց Սուրեն Ղամբարյանը:

Նշենք որ, 34-ամյա համայնքապետը աշխատանքային 12 տարվա փորձ ունի: Նածկինում աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ, Պետական վերահսկողական ծառայության տնտեսական վարչության պետ, պաշտոնավարել նաև Պետական եկամուտների կոմիտեում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ