Բաքուն չի շտապում, շտապում է Ռուսաստանը

Հայաստանում հաճախ են հնչում մեկնաբանություններ և գնահատականներ այն մասին, թե Բաքուն շտապում է Հայաստանին ինչ -որ օրակարգ պարտադրելու հարցում, որովհետև Հայաստանի օգտին փոխվում է միջազգային իրավիճակը: Հանրությանը լավատեսության հիմքեր կամ նյութ հասցնելու օգտակար մղումների իմաստով այդ գնահատականները կարող են լինել հասկանալի, բայց մյուս կողմից դրանք կարող են նաև հանրությանը մի շարք իռացիոնալ սպասումներով կտրել իրականությունից: Որովհետև, Բաքվի «շտապելու» մասին տեղեկությունները թերևս չափազանցված են, ինչպես Մարկ Տվենն էր չափազանցված համարում իր մահվան մասին լուրերը:

Ռեգիոնում շտապում է ոչ թե Բաքուն, այլ Ռուսաստանը: Ռուսաստանն է շտապում Կովկասում հասնել կայուն համակեցության հնարավորինս հաստատուն ռեժիմի, քանի որ իր շուրջ եղած աշխարհաքաղաքական խնդիրներն ու դրանցով, ինչպես նաև ներքին տնտեսական բարդ իրադրությամբ ու Պուտինի իշխանության այդուհանդերձ առկախված ու անորոշ ապագային առնչվող հարցերով ունի լրջագույն մարտահրավերներ: Այդ համատեքստում, Կովկասում ապակայունացման բեռից, ռիսկերից հնարավորինս արագ ապահովագրվելը Ռուսաստանի շահագրգռությունն է:

Բաքուն, հակառակը, առաջ է քաշում պայմաններ, որոնք բարդացնում են ՌԴ այդ մղումը: Խոսքը նույն «զանգեզուրյան միջանցք» կոչվածի, նաև Հայաստանի սահմանների հանդեպ այլ տարածքային հավակնությունների մասին է, որոնք որևէ կերպ չեն կարող քաղաքական համաձայնության արժանանալ Երևանում, ըստ այդմ արգելակելու են ռեգիոնալ կայունության ռեժիմի հասնելու Մոսկվայի ջանքը: Սա մի իրավիճակ է, երբ Ռուսաստանի շտապողականությունը որոշակիորեն բխում է Հայաստանի շահից, եթե Մոսկվան չի փորձում բավարարել Բաքվի պայմանները և Հայաստանի հանդեպ ճնշումով ստանալ դրանց վերաբերյալ համաձայնություն:

Համենայնդեպս վերջին օրերի զարգացումները և Մոսկվայից եկող ազդակները հուշում են, որ Ռուսաստանը կարծես թե փորձում է որոշակիորեն ճնշման ենթարկել Բաքվին, ոչ թե Հայաստանին: Դրա վկայությունն են Շոյգուի հայտարարությունները Հայաստանին սպառազինության մատակարարման մասին, և այդ կապակցությամբ Ադրբեջանի դժգոհությունները: Այդուամենայնիվ, առկա իրադրությունը կարող է և փոխվել, հետևաբար ստեղծված իրավիճակը Հայաստանի համար ներքին կառավարման արդյունավետությանը դինամիկա հաղորդելու պատեհ ժամանակ է, որը պետք է առավելագույնս օգտագործել և այդպիսով ձևավորել արտաքին իրավիճակի որոշակի բարենպաստ եղանակը ավելի երկարաձգելու հնարավորություն և միջակայք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ