Գործարկվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նոր կայքը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպվող աճուրդների թափանցիկությունը, հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով գործարկվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նոր կայքը։ Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

<Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները կարող են նաև առցանց եղանակով գրանցվել, հայտ ներկայացնել, մասնակցել աճուրդներին, կատարել գնային առաջարկներ և վճարումներ։

Նախ անհրաժեշտ է էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքի «Գրանցում» դաշտում լրացնել անհրաժեշտ տվյալները, ստանալ օգտանուն, ապա նախընտրելի լոտի համար գնային առաջարկը կատարելիս մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար սառեցնել բանկային քարտից։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի հավելմամբ։ Վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75%-ի չափով։ Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Մասնակիցն իրավունք ունի հերթական գնային առաջարկ կատարել մինչև աճուրդի ավարտը։ Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, որին որոշում է համակարգը։

Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք աշխատանքային օրվա ընթացքում լոտի գնման գինն ամբողջությամբ վճարում է Ծառայության դեպոզիտ հաշվին՝ հաշվանցելով նախավճարը: Գնման գինը վճարելուց հետո հաղթող մասնակիցը կամ նրա կողմից լիազորված անձը հարկադիր կատարողի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Աճուրդում չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ վճարված կամ Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդը կազմակերպելիս վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10%-ի չափով։
15-րդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում։

Հաղթողի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում գնման գինը չվճարելու կամ հաղթողի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիր չկնքվելու դեպքում նախավճարը մնում է Ծառայության դեպոզիտ հաշվին և չի վերադարձվում։
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համաձայն՝ աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ