Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով

 

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ոչ իրավաչափ ձերբակալման եւ արտաքսման կապակցությամբ: Նա այսօր մեկնել էր Կոստանդնուպոլիս (Հունաստանում օգտագործում են Ստամբուլի պատմական անունը), որպեսզի որպես Պոնտոսի հելլենիզմի ներկայացուցիչ ներկա գտնվի Պանագիա Սումելայի վանքում սուրբ պատարագին», — ասված է հաղորդագրության մեջ:

Ինքը ՝ Վարիտիմիադիսը, «Իեֆիմերիդա» թերթին հայտնել է, որ ձերբակալությունից հետո իրեն աշխատասենյակից աշխատասենյակ են տարել և խցում պահել 6-7 ժամ ։
«Իմ մատնահետքերը վերցրին։ Ինձ ոչինչ չեն ասել։ Բայց ինչպես ինձ փոխանցեցին հունական հյուպատոսությունից, ճնշումից հետո թուրքերը նրանց ասացին, որ ես վտանգավոր եմ և անցանկալի անձ եմ», — հայտնել է ֆեդերացիայի նախագահը։

Մայիսի 19-ին հույները հարգում են 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Համաձայն տարբեր գնահատականների, թուրքական քաղաքականության արդյունքում Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում ու այլուր։
Թուրքիան չի ճանաչում Պոնտոսի հույների ցեղասպանության փաստը եւ հանդես է գալիս հակընդդեմ մեղադրանքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ