Արցախում հայկական ուժեղ պատասխանն Ադրբեջանին

Անկասկած է, որ ի թիվս Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահների հետ Բաքվի ու Անկարայի ունեցած խնդիրներին, Արցախի ուղղությամբ ակտիվացրած ռազմական, թեկուզ խիստ լոկալ բնույթի սադրանքները Բաքվի համար ունեն նաև մի անշեղ նպատակ ու իմաստ, որը բավականին թափանցիկ կերպով արտահայտել էր նաև Ալիևը՝ օրեր առաջ արած հայտարարությամբ, թե Արցախում ապրում է ընդամենը 25 հազար մարդ, 25 հազարին ինչ կարգավիճակ:

Ալիևն անշուշտ հիանալի գիտե, որ Արցախում ապրում է մի քանի անգամ ավելի բնակիչ, բայց նա արձանագրում է նշաձողը, նպատակը՝ հասնել նրան, որ Արցախում մնա 25 հազարից էլ պակաս: Դա կլինի մի սահմանագիծ, որից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարող է անցնել արդեն ավելի կոշտ ու ավելի ագրեսիվ գործողությունների, այդ 25 հազարին էլ հեռացնելու և այդպիսով արդեն իսկապես Արցախի հարցը լուծելու համար: Որովհետև, որքան էլ պատերազմից հետո նա հայտարարում է, թե լուծել է Արցախի հարցը, միևնույն է, թե նա, թե նրան լսողները Ադրբեջանի ներսն ու դրա շուրջ՝ գիտեն, որ հարցը լուծված չէ, այլ ընդամենը շահված է մի խոշոր ճակատամարտ:

Այդպիսով, Արցախում Ալիևի ռազմական սադրանքների կամ շանտաժի քաղաքականությանը հայկական պատասխանը պետք է լինի՝ մի կողմից անկասկած Արցախի պաշտպանության հարցում պաշտպանական բանակի կարողությունների ամրապնդումը և զարգացումը, զուգահեռ նաև արդյունավետ աշշխատանքը Ռուսաստանի հետ՝ ռուս խաղաղապահների մեխանիզմի աշխատանքը առավելագույնս արդյունավետ դարձնելու կամ պահելու համար, իսկ մյուս կողմից՝ Արցախում խաղաղ կյանքի, քաղաքացիական ակտիվ կյանքի կառուցումը, տնտեսության արդիականացումը, շարժը, Արցախի բազմամարդությունը ոչ միայն տեղի բնակչության, այլ նաև Հայաստանից և Սփյուռքից այցերի ու նախաձեռնությունների իմաստով:

Դա պետք է լինի հայկական ուժեղ պատասխանն Ադրբեջանին, ցույց տալու համար, որ Արցախում քաղաքացիական կյանքի հանդեպ մարդկանց անվստահություն սերմանելու Ալիևի շանտաժի քաղաքականությունը չի տալու որևէ արդյունք, և հակառակը՝ էլ ավելի է խթանելու Արցախի հանդեպ հայության ձգտումները: Ի վերջո,, հարկ է նկատել, որ մի շարք հանգամանքների բերումով, Ալիևը այսօր էապես սահմանափակված է Արցախի հանդեպ ռազմական գործողությունները ընդլայնելու ռազմա-քաղաքական հնարավորություններում:

Երևանն ու Ստեփանակերտը պետք է գործակցված աշխատեն այդ սահմանափակումների միջավայրը էլ ավելի ամրացնելու ուղղությամբ, ասել է թե՝ ինտենսիվ աշխատեն առնվազն Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: Դրան զուգահեռ, Հայաստանի ամբողջ հանրությունը, հասարակական-քաղաքական ակտիվ խմբերը, ռեսուրսային հնարավորություն ունեցող շրջանակները, քաղաքական ուժերը անկախ միմյանց միջև ունեցած սուր տարաձայնությունների, պետք է ուշադրության կենտրոնում պահեն Արցախը ոչ թե հուզական, հայրենասիրական, թեկուզ միանգամայն անկեղծ կամ կեղծ պաթետիկ ճառերի և առավել ևս տեղեկատվական նենգափոխումների ձևով՝ վերջինը վերաբերում է քաղաքական որոշ ուժերի, այլ անմիջական նախաձեռնությունների:

Ընդ որում, դրանք պետք է հնարավորինս ընդգրկեն ամբողջ Արցախը, այլ ոչ միայն Ստեփանակերտը կամ հարակից գոտիները: Ընդհանրապես, կարո՞ղ է հայությունը դնել խնդիր, նպատակ ու հասնել դրա իրականացմանը՝ Արցախում նվազագույնը ամենամսյա պարբերականությամբ ապահովել հայկական շոշափելի հնչեղություն ունեցող առնվազն երկու-երեք տարաբնույթ իրադարձություններ, միջոցառումներ, տարբեր ոլորտների հավաքներ, և այդ միջոցով նաև գրեթե չընդհատվող զգալի մարդկային ներկայություն Հայաստանից և Սփյուռքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ