«Եկամտահարկի արտոնության փոփոխությունը հետադարձ ուժ չունի…». ֆինանսների նախարարը պարզաբանում է

Կառավարությունն այսօր հավանություն տվեց եկամտային հարկի վերադարձով Երևանում անշարժ գույքի ձեռք բերումը արգելող նախագծին։ Գործադիրն առաջարկում է սահմանափակումը կիրառել աստիճանաբար՝ մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո ընդհանրապես չկիրառել այդ համակարգը մայրաքաղաքում։

«Փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, իսկ առաջիկա տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռք բերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ», — ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Պաշտոնական հիմնավորմամբ՝ նախագծի նպատակը Երևանում եկամտահարկի վերադարձի կիրառության հետագա ընդլայնումը զսպելն է, ու հանրապետության քաղաքաշինական ու տնտեսական համաչափ զարգացումը։ Ըստ նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարության, ավելի քան 5 տարի գործող այս համակարգով ձեռք բերված անշարժ գույքի 93 տոկոսը հենց Երևանում է գտնվում։

Նշվում է, որ 6 տարի առաջ ներդրված այս համակարգը բացի տնտեսականից նաև սոցիալական նպատակ է ունեցել. պետական բյուջեից հատկացումներ կատարելու միջոցով նպաստել բնակչության բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Սակայն, ըստ Ֆինանսների նախարարության, եկամտահարկի վերադարձի համակարգից հիմնականում օգտվում են ոչ թե ամենակարիքավոր և մարզերում բնակվող անձինք, այլ կայուն եկամուտ ունեցողները։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ընթացքում թվեր ներկայացրեց, ըստ նրա, հատկապես վերջին երկու տարիներին համակարգից օգտվողների թիվը կտրուկ աճել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ