«Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը մեր կարևոր ուղղություններից է լինելու…». Նիկոլ Փաշինյան

Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը կամ զարգացումը. կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանը զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում:

Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց, որ թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Վարչապետի խոսքով՝ դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար: «Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակ»-ի օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին: Սա ընդգծում եմ ցույց տալու համար, թե որքան հրատապ է այդ հարցի կառավարումը: Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից մեկը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ