«Եթե Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր պատասխանը կլինի համարժեք». Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Մենք կարծում ենք, որ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի։ Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։

Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը։ Սակայն դա չի նշանակում, որ որևէ ագրեսիվության կամ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում», — ասաց Նիկոլ Փաշինյանը։


Պատգամավորն իր արձագանքման հնարավորության ժամանակ խոսեց այժմ ակտիվորեն շրջանառվող «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության» թեզի մասին, որը, ըստ նրա, կեղծ է շրջանառության մեջ դրվել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ