ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ


ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ինչպես Հայաստանից, այնպես էլ միջազգային գործընկերներից:

Նրան մինչև օրս շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ և Կիլիկիո կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Առաջինը:

Ալեն Սիմոնյանին շնորհավորել են նաև ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին, Քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների խնդիրներով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղը, Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն, Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կառոլինա Ֆերնանդեսը և Ուղղափառության միջազգային ասամբլեայի գլխավոր քարտուղար Մաքսիմուս Խառակոպուլուսը:

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ շնորհավորելով Սիմոնյանին, հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում:

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղը շնորհավորական ուղերձում նշել է. «Ուրախ եմ Ձեզ հղել անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ հարատև հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում: Սույն առիթով հայտնում ենք Ժողովրդական ժողովում մեր ձգտումը շարունակելու ՀՀ Ազգային ժողովի հետ փոխհարաբերությունների զարգացումն ու խորհրդարանական գործակցությունը՝ ի շահ մեր երկու խորհրդարանների և ժողովուրդների: Ընդունեք, խնդրեմ, ամենայն համակրանքի և գնահատանքի հավաստիքը»:

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն ևս շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ նշելով. «Իտալիայի Պատգամավորների պալատի և իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում՝ Ձեր աշխատանքում: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ավելի կամրապնդենք երկխոսությունն ու գործակցությունը մեր խորհրդարանների միջև՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Ազգային ժողովի համար նախատեսված Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունները, որն իրականացվում է Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների հետ համատեղ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ հղել իմ ողջույնները և իմ մեծագույն հարգանքի հավաստիքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ