Մարդկանց աղքատությունը երբեք չենք օգտագործել նրանց կառավարելու կամ ձայնի իրավունքից զրկելու նպատակով

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Պետական վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել տվյալները, բայց մեր ընդդիմադիր գործընկերները արդեն թվեր և տոկոսներ են հնչեցնում աղքատության վերաբերյալ»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Նա չհերքեց, որ Հայաստանը իր ամենածանր ժամանակներն է ապրում. «Սակայն համավարակը մենք չենք ընտրել և պատերազմն էլ մենք չենք դրդել, և սրանց հետևանքով սոցիալական խնդիրներն ավելի են խորանում»:

Բաթոյանը հիշեցրեց, թե ինչպիսի սոցիալական ծրագրեր են իրականացվել, որոնք, իհարկե, նրա խոսքով, բնավ բավարար չեն. «Մենք ընդամենը 1 լիարժեք տարի աշխատելու հնարավորություն ենք ունեցել: Մենք երբեք մարդկանց աղքատությունը և դժվարությունները չենք օգտագործել մարդկանց կառավարելու կամ նրանց ձայնի իրավունքից զրկելու նպատակով, այնինչ նախկինում շատերը պետական միջոցներն օգտագործում էին սեփական համայնքում կամ մարզում փրկիչ կամ բարերար ներկայանալու համար»:
Զարուհի Բաթոյանն ընդգծեց. «Մեր հաղթանակը ձեր պատկերացրածը չէ, որի պարագայում դժվար է պատկերացնել, թե դուք ինչ վարքագիծ կցուցաբերեիք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ