ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը:
Ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի Հանրապետությանն է հատկացվում 31 մլն 250 եվրո ընդհանուր արժեքով դրամաշնորհ:
Ծրագիրն իրականացվելու է 72 ամիս տևող ժամանակահատվածում, այն կոչվում է «Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիր»:
Խաչատրյանն ասաց, որ դրամաշնորհով նախատեսված են Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերում իրականացվող տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը, պետք է աջակցություն ցուցաբերվի վենչուրային ընկերություններին, որ տարածքային բնորոշ խնդիրների լուծում կտան, թափ կհաղորդվի աճի պոտենցիալ ունեցող փոքր ձեռնարկություններին:
Նախարարը կարևորեց, որ ստեղծվի միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների միջոցով այդ տարածքում տնտեսական զարգացումների վրա ազդեցությունն ավելացնելու համար: Նա ասաց՝ որոշ առանձնահատկություն ունեն Շիրակի մարզում իրականացվող միջոցառումները, այն է՝ դրանք ձմեռային մարզական հաստատություն հիմնելու, գյուղատնտեսության ոլորտում տեղական և միջազգային մակարդակում մրցունակ ընկերություն ստեղծելու հատուկ շեշտադրումներ պետք է ունենան, նաև դրամաշնորհներ կհատկացվեն «Հորիզոն 20-20» հետազոտական և նորարար շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության համար տարեկան անդամակցության վճարների 50 տոկոսի չափով օժանդակություն: Ծրագրի իրականացման պատասխանատուներն են Ավստրիական զարգացման գործակալությունը, ՎԶԵԲ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը: