Այսօր Կառավարության հերթական նիստին պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը ներկայացրեց Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը և նշեց, որ անհրաժեշտ է երեք ընկերությունների մասնակցություն, և արդեն արձագանքել են երկու ընկերություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է առանց Զինված ուժերի սննդի ապահովման համար հատկացված միջոցները ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը:
«Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկելու ճաշարանները, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով, և սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը բարձրացնել»,- ասաց նա:
Վարչապետը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն անում այս ծրագիրը մրցույթով, նկատեց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել, և փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարել են, թե բաց կա: