Հոկտեմբերի 27-ի բոլոր գործող անձինք կամ դաշնակ էին, կամ նախկին դաշնակ. ցավում եմ Սեյրան Օհանյանի համար, որ խելքը տվել է նրանց

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը օրերս հայտարարել է, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում թուրքերը գալու են, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն Սյունիք:

«Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը: Այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակումը բերելու է մեր երկիրը, հատկապես Սյունիքի հատվածը տնտեսական մեծ ճնշման ու այդ հատվածում հակառակորդը, Թուրքիան փոխելու է մեր ժողովրդագրական պատկերը: Պարզ ասած, թուրքերը գալու են, տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, լցվեն, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն: Դա մեզ օգուտ չի տալու»,-ասել էր նա:

Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ, մեղրեցի Գրիգոր Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սեյրան Օհանյանի այդ հայտարարություններն աբսուրդի ժանրից են:

«Պարզապես մարդկանց արդեն 3-4 օր է, լարվածության մեջ են պահում, դա է նրանց նպատակը: Ժողովրդին խուճապի մեջ են ուզում գցել: Ես դա համարում եմ անլուրջ խոսակցություն:

Դա աբսուրդի ժանրից է: Մեկ ուրիշ բան ասեմ. Հայաստանի Հանրապետության օրենքով որևէ արտասահմանցի, նույնիսկ սփյուռքահայ, իրավունք չունի Հայաստանում հող գնելու: Այդ օրենքը վաղուց ընդունված է, գործում է: Կարող է գան Երևանում բնակարան գնեն, բայց երբեք բնակարանի տակի հողը չեն կարող առնել:

Իրենք չեն տեսնո՞ւմ, թե ինչեր են նախատեսվում Սյունիքը զարգացնելու համար: Ի՞նչ են ուզում Սյունիքի ժողովրդից, հանգիստ թողել էլի: Մարդիկ աշխատում են, ապրում են, հիմա էլ Հյուսիս-Հարավ ճանապարհը պետք է կառուցվի:

Ես ցավում եմ իր համար, խելքը տվել է դաշնակներին, մնացածներին, պետք չի: Ինքը պատերազմով անցած մարդ է, լուրջ մարդ է, պետք չի այդպիսի բաներ ասել»,-ասաց Գրիգոր Հարությունյանը:

Նա կոչ արեց ԱԺ-ում հայտնված ընդդիմադիր ուժերին հանգիստ թողնել ոչ միայն Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանը և հայերին, ժողովրդի նյարդերի վրա չխաղալ. «Մարդիկ հազիվ ուզում են մտնել աշխատանքային հուն, երկրին լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում: Երեկ Բայդենի հայտարարությունը լսեցինք, դրանից առաջ Մակրոնի: Այնպես որ ամեն ինչ նորմալ կլինի»:

Հարցին, թե երկար կյանք կունենա՞ այս խորհրդարանը՝ հաշվի առնելով ընդդիմության պահվածքը, ՀԺԿ անդամը պատասխանեց. «Ի՞նչ պետք է անեն, ես համոզված եմ, որ խորհրդարանը կաշխատի մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ նրանից ընդդիմությունը կաշխատի, թե չի աշխատի:

Տեսեք, հենց Հոկտեմբերի 27-ի անունը տալիս են, նրանք բոլորը խառնվում են իրար, սկսում են դժգոհել: Հոկտեմբերի 27-ը կատարողները դաշնակներն են, իսկ կազմակերպիչներն էլ թաքցրեցին, չերևաց, թե ով է կազմակերպել: Բոլոր գործող անձինք կամ դաշնակ էին, կամ նախկին դաշնակ էին: Դրա համար, հենց Հոկտեմբերի 27-ի անունը տալիս են, նրանք խառնվում են իրար, ինչը նկատեց նաև Ալեն Սիմոնյանը»:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ