Ռուս սահմանապահները ԱԹՍ-ներով հսկողություն կիրականացնեն

 

ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները ԱԹՍ-ներով հսկողություն կիրականացնեն

Սահմանամերձ Պարույր Սևակ համայնքում ռուս սահմանապահներ տեղակայվել են դեռևս պատերազմի ավարտից հետո, տեղադրել են սահմանապահ մեկ դիրք։ Նրանք հիմա էլ շարունակում են տեղակայված մնալ։ Սահմանապահների թիվը այս ամիսներին ոչ ավելացել է, ոչ պակասել։

Պարույր Սևակ համայնքի ղեկավարը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ իրավիճակը հանգիստ է։ Այս համայնքի վարչական տարածքում է գտնվում Տիգրանաշենը, որը ադրբեջանական կողմին հանձնելու մասին հաճախ է խոսվում։ Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ ակնարկներ ու խոսակցություններ չկան, որ գյուղից տարածքներ են զիջվելու։

Մարզպետարանում էլ հաճախ են հանդիպումներ ունենում անվտանգության, պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության մասին, սակայն անկախ իրավիճակից։ որևէ դեպք, կամ հանդիպում, որ կարող է տանել սահմանային փոփոխություններին, չի եղել։

Նկատենք, որ անկլավները, որոնց թվին է պատկանում նաեւ Տիգրանաշենը, թշնամուն հանձնելու հավանականությունը չեն բացառել նաեւ իշխանությունները՝ նշելով, թե պետք է իրականացվի սահմանազատում։

Հարցին՝ Երասխի կողմից թշնամու կրակոցները ևս անսպասելի էին, արդյոք մտավախություն չունե՞ն, որ համայնքում ևս թշնամին ոտնձգությունների կդիմի՝ համայնքապետը նշել է.

«Անկախ նրանից, մեր երկրի ո՞ր սահմանում է անհանգիստ, բնական է, անհանգստություն և մտավախություն կա։ Մտավախությունը չի վերաբերում որևէ բան զիջելուն, ուղղակի անհանգստություն կա, որ խաղաղություն լինի, դա չի նշանակում մտավախություն՝ մի բան տալ-չտալու»։

Նշենք, որ նոյեմբերի 13-ին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդեց, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խորհրդակցության ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, թե ԱԴԾ-ն լրացուցիչ 5 սահմանապահ դիրք է տեղադրել Հայաստանի տարածքում` Երասխում ու Պարույր Սեւակում (Արարատի մարզ), նաեւ Մեղրիում, Տեղում եւ Սըղըրթի ուղղությամբ (Սյունիքի մարզ):

Ռուս սահմանապահների տեղակայման մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն աշխարհագրությունն այլ էր։ Նախօրեին պարզ դարձավ, որ Տավուշի մարզում՝ Ոսկեպար գյուղում տեղակայվել են ռուս սահմանապահներ։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ ՀՀ ՊՆ-ից կայքին հաստատել են, որ ռուս սահմանապահներ տեղակայվում են.

«Սահմանային որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ռուսական գործակցության շրջանակներում է, բնականոն է որևէ արտառոց բան չկա»։

Հարցին՝ արդյոք տեղակայվելու են նաև Տավուշի Այգեհովիտ, Ազատամուտ և Բերքաբեր հատվածներում, նախարարությունից հայտնել են, որ այս պահին այդ տարածքների հետ կապված տեղեկություն չեն կարող հայտնել։

Նշենք, որ Ազատամուտ համայնքի ղեկավարը հայտնել էր, որ նաեւ իրենց մոտ են մի քանի սահմանապահ արդեն ժամանել։

Գերատեսչությունից հաստատել են տեղեկությունը, որ ռուս սահմանապահները ԱԹՍ-ներով հսկողություն են իրականացնելու, որը ընթացիկ երևույթ է։ Եթե նախկինում հեռադիտակով էին իրականացնում, ապա հիմա և հեռադիտակով, և ԱԹՍ- ներով են իրականացնում, դա միայն աշխատանքային գործիք է, որն օգնում է ավելի էֆեկտիվ կատարել աշխատանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ