Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն

Կառավարությունը հաստատեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները:

«Նախագծով կարգավորել ենք ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս Հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է եկամուտներ ԱԱՀ-ի գծով:

Ըստ այդմ՝ մենք առաջարկել ենք հետևյալ փոփոխությունները. Հարկային օրենսգրքում ավելացվում է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը, որը գրեթե նույնական է էլեկտրոնային պայմանագրի 18-րդ հավելվածով բերված հասկացությանը: Էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցում է համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Խոսքն այն մասին է, որ մենք էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկենք, ինչպես անում են աշխարհի ոչ բոլոր, համենայն դեպս՝ առաջատար երկրները: Նախկինում էլ հարցը քննարկել ենք: Հարցը հետևյալն է. Facebook, Google և ընդհանրապես ինտերնետային դաշտում եթե օրինակ բացում ենք նաև օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարվում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հարցն այն է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»:

ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների մասին է: «Այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Բադասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ