Իրանին պետք է այլընտրանք, և այդ այլընտրանքը Հայաստանն է. հայ-իրանական հարաբերությունները նոր փուլում

Իրանը միակն է հարևան երկրներից, որի ազգային անվտանգության շահերը համընկնում են Հայաստանի հետ, և այս տեսանկյունից պետք է ակնկալել, որ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ, պահպանողական Էբրահիմ Ռայիսին կշարունակի քաղաքական այդ գիծը:

Սակայն թե կոնկրետ ի՞նչ դիրքորոշումներ նա ունի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ առևտրատնտեսական ծրագրերի և տրանսպորտային կապերի զարգացման վերաբերյալ՝ հստակ կիմանանք միայն նրա թիմի ձևավորումից հետո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային գործընթացներում Իրանի համար «կարմիր գիծը» Հայաստանի տարածքային ամբողջականությունն է:

Բացի այդ, Իրանը, Հնդկաստանի և Եվրամիության հետ միասին, մեծապես շահագրգռված է իր նախաձեռնած՝ Պարսից ծոց-Սև ծով առևտրատնտեսական ծրագրի իրագործմամբ և այս համատեքստում կարևորում է Հայաստանի դերը՝ որպես այլընտրանքային ճանապարհ մեկ պետություն դարձած Ադրբեջանին և Թուրքիային:

«Իրանին անհրաժեշտ է այլընտրանքային ճանապարհ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա: Այլապես իրենք ունեն Թուրքիայով դեպի Եվրոպա տանող ճանապարհ, Ադրբեջանով դեպի Ռուսաստան տանող ճանապարհ: Այլ խոսքերով՝ եթե Ադրբեջանը և Թուրքիան, որոնք այսօր, կարելի է ասել, մեկ պետություն են դարձել, հանկարծ փակեն իրենց ճանապարհները, այդ ժամանակ Իրանը այլընտրանք չի ունենա: Այդ իսկ պատճառով Իրանին պետք է այլընտրանք, և այդ այլընտրանքը մենք ենք: Դա է պատճառը, որ նրանք խիստ դեմ են այսպես կոչված «միջանցքի» մասին Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններին, որը իբրև թե պետք է անցնի Հայաստանի տարածքով»,- նշեց իրանագետը:

Բեգիջանյանի մեկնաբանությամբ՝ նորընտիր նախագահը, որ իրեն բնութագրում է որպես իսլամական հեղափոխության արժեքները կրող և պահպանող, հայտարարել է, որ ունի ծրագիր՝ ինչպես կարելի է լուծել Իրանի տնտեսական սուր խնդիրները և ջրի սակավության բարդագույն խնդիրը: Բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերին և Իրան-Հայաստան հարաբերություններին, Էբրահիմ Ռայիսին ընտրարշավի ընթացքում չի անդրադարձել այդ հարցերին:

«Միակ բանը, որ նա հայտարարել է, այն է, որ «առաջին հերթին մենք պետք է բարելավենք փոխհարաբերությունները, խորացնենք բարեկամական կապերը մեր բոլոր հարևանների հետ: Եթե ինչ-որ քայլ արվել է՝ շարունակվելու է ավելի մեծ թափով: Հիմա ես հստակ պնդում չեմ կարող անել, բայց պահպանողականները երկրի անվտանգությանը խիստ կարևորություն են տալիս: Ավելի հստակ կարելի է խոսել մեկ շաբաթից, երբ նա կձևավորի նոր կառավարությունը», – հավելեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

60-ամյա պահպանողական Էբրահիմ Ռայիսին, որը վայելում էր երկրի հոգևոր առաջնորդի աջակցությունը, Իրանի նախագահ է ընտրվել հունիսի 18-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրությանը մասնակցած իրանցիների քվեների 61,9%-ը (17,9 միլիոն ձայն):

Հունիսի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Ռայիսիի պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ:

Հուլիսի 15-ին Էբրահիմ Ռայիսին պատասխան ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ երկու երկրների ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձրել Իրանի և Հայաստանի փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման:

Օգոստոսի 3-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կողմից նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիի հաստատման արարողությունը:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում, տեղի կունենա Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցի ավելի քան 70 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

1960 թ. Մաշհադ քաղաքում ծնված Էբրահիմ Ռայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել 1978-79 թթ. Իսլամական հեղափոխությանը: Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 20 տարեկանում, ստացել է դատախազի պաշտոն՝ բարձրանալով պետական՝ դատական համակարգի աստիճանակարգությամբ: Մինչև 2021 թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելը Ռայիսին եղել է Իրանի Գերագույն դատարանի նախագահը: Ռայիսին մասնակցել էր նաև 2017 թ. նախագահի ընտրություններին՝ պարտվելով Հասան Ռոհանիին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ