Ապշած եմ, որ ընտրողների գրեթե 30 տոկոսը նման խայտառակ ընտրություն է կատարել ու նման գավառամիտ «ընդդիմություն» մտցրել ԱԺ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

-Պարոն Խուրշուդյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության ներկա կազմը, հատկապես արդարադատության նախարարի, ԲՏԱ նախարարի նշանակումները։

-Իմ կարծիքով այս կազմով կառավարությունն արդեն ավելի լավն է, քան նախորդը։ Այդ թվում՝ Ձեր նշած նշանակումների՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյան։ Երկուսն էլ իրենց գործի հմուտ մասնագետներն են։ Ընդ որում՝ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ եղած տարիներին և դրանից հետո լավ դրսևորեց իրեն նաև որպես գողապետության դեմ անխոնջ պայքարի հետևողական մարտիկ, իսկ Վահագն Խաչատրյանը, բացի նախկին քրեաօլիգարխիայի դեմ ևս երկարատև պայքարի փորձ ունեցող մարդ, նաև որպես տնտեսագետ աշխատել է Մարս գործարանի փոխտնօրեն, նաև քաղաքապետ եղած տարիներին իրեն լավ է դրսևորել որպես հմուտ վարչարար։

-Այս փոփոխված կազմով կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ կան։ Արդյո՞ք այս կազմը ի զորու է լրջագույն փոփոխություններ իրականացնելու։

-Սա հենց այն է, ինչի կոչն անում էինք Նիկոլ Փաշինյանին դեռ 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո՝ իշխանություն ձևավորելիս հենվել, ոչ թե պարզապես մեկ-երկու շաբաթ «քայլածների», այլ ընդդիմադիր պայքարի երկարամյա փորձ ունեցող, այդ ընթացքում իրենց չարատավորած մասնագետների վրա։ Ճիշտ է այս սկզբունքը կրկին բոլոր նշանակումներում չպահպանվեց, բայց դրական տեղաշարժն ակնհայտ է, ինչը հույս է ներշնչում, որ այո՝ թե՛ վեթինգի, և թե՛ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ձևավորելու գործում հիմա ավելի մեծ շանսեր կան։



-Խորհրրդարանի՝ այս օրերի աշխատանքը հուսադրո՞ղ է արդյոք։ Հատկապես ընդդիմադիրների պահվածքը հուսադրո՞ւմ է, որ կարող ենք ակնկալել առողջ բանավեճ։

-Ես, անկեղծ ասած, սխալմամբ մի պահ միացրեցի նորընտրիր ԱԺ նիստը լսելու համար և մոտս տհաճ զգացողություն առաջացավ ու անջատեցի ու այլևս չեմ հետևում։ Ուղղակի ապշած եմ, որ մեր ընտրողների գրեթե 30 տոկոսը նման խայտառակ ընտրություն է կատարել ու նման գավառամիտ ու անազնիվ «ընդդիմություն» մտցրել է ԱԺ՝ փաստորեն դուրս թողնելով իրական ընդդիմադիր բազմաթիվ արժանի, բանիմաց, հայրենասեր ու կառուցողական ուժերի։

-Ընդհանուր առմամբ՝ խորհրդարանի այս պատկերի համար իշխանությունն ունի արդյո՞ք մեղավորություն, թե՞ ոչ։

-Իհարկե ունի։ Սա դեռ 2018-ին Հայկ Մարությանի հռչակած և Նիկոլ Փաշինյանի հավանությունը ստացած «սև-սպիտակի» հետևանքներն են, երբ բոլոր ուժերը բացի «Իմ քայլ»-ից հռչակվեցին սև, իսկ «Իմ քայլ»-ում ընդգրկված մարդկանց էլ նույն Մարությանը ինքնահռչակեց որպես տարիներ շարունակ քրեաօլիգարխիայի դեմ պայքարած միակ ուժ։ Փաստորեն հեղափոխական էյֆորիան չարաշահվեց և բոլոր առողջ ուժերը, այդ թվում հեղափոխության շատ առաջամարտիկներ՝ նախկինների հետ միասին մերժվեցին հեղափոխության առաջնորդների թեթև ձեռքով և քաղաքական դաշտը ամայացվեց, ինչից չէին կարող չօգտվել նախկինները, որոնք թալանի շնորհիվ շատ ավելի մեծ նյութական և վարչական (հատկապես ՏԻՄ-երում և դատաիրավական համակարգում) ռեսուրսներ ունեին, քան ֆինանսապես զրոյական վիճակում գտնվող ուժերը։

-Արդյո՞ք խնդրահարույց չէ, որ խորհրդարանում ռուսամետ ուժեր են և չկա այլընտրանք։

-Ես արդեն իմ անհամաձայնությունը հայտնել եմ այս թեզին։ Խորհրդարանում ընդգծված ռուսամետ ուժ է միայն «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ»-ը ռուսամետ է միայն մասամբ։ «Քաղաքացիական պայմանագիրը» ռուսամետ անվանելու հիմքերը բավարար չեն։ Այն գործընթացի հետ, որով Նիկոլ Փաշինյանը (իսկ ՔՊ-ի խմբակցությունը լիովին նրան ենթակա է) առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին ևս ռուս սահմանապահներ տեղակայել, ինձ ավելի շատ մանևր է հիշեցնում, քանի-որ որպես դրա նախապայման դրված է ադրբեջանական զորքերի հետքաշումը հայ-ադրբեջանական սահմանից, ինչին Ալիևին համոզելու գործը թողնված է Պուտինի վրա։ Իսկ որպես այլընտրանք, եթե Պուտինին դա չհաջողվի անել՝ թողնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը, որին արդեն դրական է արձագանքել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Եվ հետո, եթե վարչապետը ռուսամետ լիներ, և դա ակնհայտ լիներ, ապա Եվրամիությունը երբեք այդ ռազմավարական ծավալների ֆինանսական օժանդակությունը չէր ծրագրի ցուցաբերել Հայաստանին։ Տեսեք նաև ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա շնորհավորանքի տեքստը՝ ուղղված նորընտիր վարչապետ Փաշինյանին։ Եվ եթե խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթելու կապակցությամբ հունիսի 29-ին Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական թվիթում Բայդենը մասնավորապես գրել էր․«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների և համագործակցության վրա ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման ոլորտում: Մենք հավատարիմ ենք այս գործընկերության ամրապնդմանը», ապա երեկվա շնորհավորական ուղերձում նա արդեն ասում է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա, նաև ակնկալում են աշխատել Նիկոլ Փաշինյանի և նրա նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ և սա այն պայմաններում, երբ Հայաստանի հումանիտար առաքելությունը շարունակում է ռուսական զորաջոկատի կազմում մնալ Սիրիայում։ Այնպես որ, ինչպեսև ես բազմիցս նշել եմ տարբեր առիթներով, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը մնում է Հայաստանի ինքնիշխանության ջատագով։ Այլ հարց է, որ այդ ինքնիշխանության ամրապնդման որոշ միջոցների հարցում շատերը, այդ թվում՝ ես, կարող են իր հետ չհամաձայնվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ