«Հարգելի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններ, կոչ եմ անում այս անգամ միասնաբար գնալ և քվեարկել Իշխան Սաղաթելյանին…». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությանը՝ դիմելով ընդդիմությանը։ «Ես չեմ հասկանում, ինչո՞ւ է ձեր զայրույթը կամ մուննաթը ուղղված մեր դեմ։ Իրավիճակը շատ պարզ է՝ հաշվի առնելով, որ առանց մեծամասնության ընտրության չի կարող ընդդիմության ներկայացուցիչն ընտրվել, Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշել է ապահովել քվեների այն մինիմալ շեմը, որպեսզի ընդդիմության թեկնածուն ընտրվի, որովհետև բոլորս ընդունում ենք, որ այդ տեղը պատկանում է ընդդիմությանը։ Եվ այստեղ բացարձակ կապ չունի՝ Իշխան Սաղաթելյանն է, թե ցանկացած այլ անձ։ Մենք առանց քննարկելու պատրաստ ենք ընտրել։ Բայց իրավիճակն այն է, որ արդեն երկրորդ անգամ պարոն Սաղաթելյանը չի ընտրվում։

Հիմա կարո՞ղ եք մեզ բացատրել՝ մեր մեղքը որն է։ Մենք նաև հաշվի ենք առել այն փաստը, որ «Հայաստան» խմբակցությունից մեկ անձ բացակայում է։ Նույնիսկ դա հաշվի առնելով՝ մեկ ձայն ավել ենք ապահովել։ Բայց առաջին անգամ պարոն Սաղաթելյանն ստացել է մեկ անվավեր քվե, երկրորդ անգամ՝ հինգ։ Հիմա մենք ի՞նչ մեղք ունենք։ Մենք նաև լուծման ճանապարհներ ենք առաջարկում՝ ճանապարհ համար մեկ՝ դուք մի մասնակցեք, մենք մասնակցենք, ճանապարհ համար երկուս՝ եկեք քաղաքական դիրքորոշում արտահայտեք։ Ասեք՝ հարգելի «Քաղաքացիական պայմանագիր», ապահովեք ավելի շատ քվեներ, քանի որ մենք այնքան էլ վստահ չենք ընդդիմության բոլոր ներկայացուցիչների քվեարկության վրա։ Ասեք, անենք»,- ասաց Ռուբինյանը։

Նա հայտարարեց, որ երկու անգամ մասնակցել է քվեարկությանը և կողմ է քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ «Եթե ես դա կարողացել եմ անել, ուրեմն կարող եք նաև դուք։ Հարգելի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններ, կոչ եմ անում այս անգամ միասնաբար գնալ և քվեարկել Իշխան Սաղաթելյանին, որպեսզի այս ամենն ավարտվի»,- կոչ արեց Ռուբեն Ռուբինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ