«Դուք պաշտպանության նախարար էիք, երբ Ադրբեջանը զինվում էր ամենաժամանակակից սպառազինությամբ…»․ Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում իր ելույթում պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

«Դուք 8 տարի շարունակ հայկական բանակի պատասխանատուն եք եղել, այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը զինվում էր ամենաժամանակակից սպառազինությամբ»,- ասաց Արշակյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը տարիներ առաջ ստեղծում էր ռազմարդյունաբերութամբ զբաղվող նախարարություն և սկսում էր անօդաչու սարքերի արտադրություն։ «Դուք ի՞նչ եք արել այդ ժամանակ՝ 10 տարի առաջ, որպեսզի Հայաստանի բանակը նույնպես տեխնոլոգիապես ու գիտելիքներով զարգանա այդ ուղղությամբ։ Եվ ոչ միայն ունենա ժամանակակից սպառանզինություն, այլ նաև դրա կառավարումն իմանա, որովհետև տվյալ դեպքում ունենալը շատ քիչ է, որովհետև խոսքը չի վերաբերում մկաններին ու հրաձգային կարողություններին»,- հավելեց նա։

Ըստ Արշակյանի՝ ապրիլյան պատերազմի օրերին շատ-շատ բարձրաստիճան զինվորականների հարց էինք տալիս և նրանք չէին կարողանում պատասխանել, թե այդ ինչն է, որ դզզալով գալիս է ու խփում։ «Ստիպված էինք լինում գիտական գրքեր կարդալ, որ հասկանայինք՝ դա Harop է, որն արտադրվել է Իսրայելում։ Եվ դրա պաշտպանության միջոցներն էլ ոնց որ հայտնի էին։ Ինչո՞ւ մինչև այդ աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել։ Հիմա մեկ-մեկ հարցեր են առաջանում՝ իսկ որտե՞ղ էին մեր անօդաչուները։ Այս տեխնոլոգիական դարաշրջանում արդյոք հայկական բանակում ավելի մեծ ուշադրության չպե՞տք է արժանանար այս հարցը։ Ես կուզեի, որ ավելի շատ սրա մասին խոսեինք։ Եվ այն մտայնությունը, որը մեր ընդդիմությունն անընդհատ փորձում է առաջ տանել, թե իբր մենք դիտավորյալ չենք ցանկացել և այլն։ Պարոն Օհանյան, ես երբեք ձեր կառավարման տարիներին երբեք իմ մտքով չեմ անցկացնի, որ ասեմ՝ դուք դիտավորյալ ինչ-որ բան չեք արել, որ Ադրբեջանը մտնի և ինչ-որ բան անի։ Եվ առաջարկում եմ, որ դուք նույնպես Ազգային ժողովում ձեզ թույլ չտաք ասել, որ Ազգային ժողովում ինչ-որ բան դիտավորյալ ենք արել։ Արել ենք այնքան, որքան հնարավոր է եղել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ