«Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում այսօրվանից գործելու է հեմոդիալիզի բաժանմունքը։ Սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ուղղվածությամբ կենտրոնում այդ դարձել էր ուղղակի անհրաժեշտ։
Նոր բաժանմունքը հագեցած է բժշկական ժամանակակից սարքավորումներով և միաժամանակ կարող է ծառայություններ մատուցել 8, օրական՝ 24 պացիենտի։
Բաժանմունքը բացվել է հիվանդանոցի միջոցներով, ինչպես նաև գործընկեր ճապոնական «Ասայի» ընկերության աջակցությամբ․ «Ասայի» ընկերության ներկայացուցիչ Սուլեյման Ջաբրայիլովը ուրախ է, որ իրենց համագործակցությունը նման արդյունքներ է տալիս։ Ընդամենը երկու տարի առաջ հիմնադրված կենտրոնը արդեն բավականին հաջողություններ է գրանցել։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ բացի իրենց բժշկական կենտրոնի պացիենտներից, այս բաժանմունք կարող են գալ նաև պացիենտներ այլ բժշկական կենտրոններից։ Հեմոդիալիզի նորաստեղծ բաժանմունքում աշխատելու համար «Բեսթ լայֆ»-ում համալրումներ են արվել։
Թիմին միացել են նեֆրոլոգներ, ռեանիմատոլոգներ եւ բուժքույրեր։ Գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ աշխատանքի ընդունելիս առաջին հերթին ուշադրություն են դարձրել ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային որակներին։