«Դլե Յամանն» ու «Կռունկը»՝ գերմանաբնակ եզդի և քուրդ երգչուհիների կատարմամբ

«Մեկ Հայրենիք, մեկ մշակույթ» խորագրի ներքո, Կոմիտասի անվան կամերային երաժշտության կենտրոնում կայացավ դասական վոկալի երեկո, գերմանաբնակ սոպրանոներ՝ Դիանա Ամիրյանի և Յուլիա Կարատաշի կատարմամբ։

Դիանայի խոսքով՝ երաժշտությունը հայրենիք է բոլորի համար։ Երաժշտությունը սահմաններ ու լեզուներ չի ճանաչում։

Երգչուհին, ով ծնվել է Վրաստանում, ապրել և ուսանել Հայաստանում, ազգությամբ եզդի է, Յուլյան՝ քուրդ։

Դիանան Տաթևիկ Սազանդարյանի մոտ է ուսանել և խոստովանում է, որ մինչ օրս այդ մասին առանց հպարտանալու չի խոսում։

Նա վոկալի ստուդիա ունի և նշում է, որ այսօրվա սերունդն ավելի հակված է կատարել ոչ թե դասական, այլ ավելի պոպուլյար երգեր։

Դիանայի ծնողները, եղբայրն ու եղբոր ընտանիքը ապրում են Հայաստանում և երգչուհին հաճախ է գալիս, սակայն համերգով առաջին անգամ է հանդես գալու։

«Եվրոպական կոմպոզիտորների գործերից բացի, նաև Կոմիտաս ենք կատարելու»,-ասում է նա։

Յուլյան, ով արդեն չորրորդ անգամ է Հայաստանում, հիացած է խոհանոցով, մշակույթով, կլիմայով և մարդկանցով՝ ինչպես ընդգծում է՝ հյուրասեր ու սրտաբաց։

«Անգամ չեք պատկերացնում, թե ինչ հիանալի երկրում եք ապրում»,- ասում է երգչուհին ։-Հիանալի օպերային թատրոն ունեք։ «Անուշ»-ն եմ դիտել ու ասեմ, որ տպավորված եմ։ Իսկ Կոմիտասի մասին կասեմ, որ իմ կոմպոզիտորն է։ Այն զգացողությունը, որ ապրում եմ Դլե Յամանը կատարելիս՝ աննկարագրելի է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ