Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բռնել են «Զազոյին», «Զոզոյին» և «Զիզիին»

Երեկ, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։

Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով՝ նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով՝ Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ՝ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք, երբ նկատել են Նոր Նորքի ոստիկաններին և Երևանի գնդի պարեկներին, փորձել են դիմել փախուստի, սակայն պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն իրենց թաղամասում և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ