Անձնապես ամեն ինչ անելու եմ, որ ԱԺ ամբիոնը դառնա քաղաքական հանդուրժող խոսքի կենտրոն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շնորհավորեց ընդդիմադիր խմբակցություններին՝ խորհրդարան անցնելու առիթով:

«Հակառակորդին քաղաքական շնորհավորանք հղելու ավանդույթը, որը չլսված բան է եղել հայաստանյան քաղաքական դաշտում տարիներ շարունակ, ունի շատ պարզ հիմք: Դուք, հարգելի՛ գործընկերներ, իմ քաղաքական հակառակորդներն եք, որոնք, սակայն, խորհրդարանում հայտնվել են մեր քաղաքացիների մի մասի տված վստահության քվեի բերումով:

Եվ ես պարտավոր եմ հարգել այդ քվեն, ինչպես նաև հաշվի նստել դրա հետ, ինչպես և դուք եք պարտավոր հարգել մեծամասնության քվեն և հաշվի նստել դրա հետ: Նույնկերպ, եթե ես երբևէ այս ամբիոնից վիրավորեմ կամ զրպարտեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք նրանց վստահության քվե տված մեր քաղաքացիների մի մասին:

Մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ինձ կամ իմ թիմակիցներին այս ամբիոնից վիրավորելը կամ զրպարտելը կլինի վիրավորանք մեծամասնությանը քվեարկած քաղաքացիներին»,- ասաց նա:

Ռուբինյանը նշեց, որ անձնապես ամեն ինչ անելու է, որ ԱԺ ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական խոսքի, սուր, բայց հանդուրժող խոսքի կենտրոն:

«Այս դահլիճում ցանկացածը, որն ունի նույն նպատակը, իմ դաշնակիցն է, նույնիսկ եթե նա հակառակորդ է»,- ասաց Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ