Պատերազմում զոհված Վահե Քարամյանի և ավտովթարից մահացած կնոջ՝ Շուշանի 3 երեխաները Վահեի ծնողների խնամակալության տակ են

Կյանքը հայրենիքին նվիրած սիսիանցի Վահե Քարամյանի և նրա կնոջ ողբերգական պատմությունը բոլորին է հուզել։ Վահեն զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմում, իսկ կինը` Շուշանը, մահացավ երրորդ երեխային ծննդաբերելուց հետո, ավտովթարից՝ ամուսնու հուղարկավորությանը գնալու ճանապարհին։ Վահեին ու Շուշանին թաղեցին կողք-կողքի, նույն օրը։

Civic.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ երեխաների հետագա ճակատագրի մասին։ 3 երեխաներն էլ այս պահին ապրում են Վահեի ծնողների հետ՝ նրանց խնամակալության տակ։ Երեխաներից երկուսը՝ 5 և 4 տարեկան են, մանկապարտեզ են հաճախում, իսկ նորածինն արդեն 10 ամսական է։

Վահեի հոր՝ Արսեն Քարամյանի խոսքով, որը նույնպես զինվորական է եղել և 20 տարի ծառայել է Հայկական բանակում, նրանք ապրում են իր թոշակով և կառավարությունից ստացած աջակցությամբ։ Տան պայմանները, նրա գնահատմամբ, նորմալ են։ Վահեի մայրը նույնպես չի աշխատում, որպեսզի զբաղվի 3 մանկահասակ երեխաների խնամքով։ Չնայած այս իրավիճակին, ծնողները չեն բողոքում և հավելյալ աջակցության համար չեն ցանկանում դիմել որևէ մեկին։

Նորածնի անունը ծնողները Հայկ են կնքել՝ Վահեի ցանկությամբ, քանի որ նա ի սկզբանե որոշել էր հորեղբոր որդու անունով կոչել երեխային, որը զոհվել էր՝ բանակում ձնահյուսի տակ մնալով։

Վահե Քարամյանը խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր։ Սկզբում Երասխի դիրքերում, հետո՝ Արցախի Հադրութի շրջանում։

«Հոկտեմբերի 19-ին մենք լուր ստացանք, որ Վահեն վիրավորված է։ Գնդակային վիրավորում էր ստացել՝ ոտքի և ողնաշարի հատվածում։ Փնտրեցինք բոլոր հոսպիտալներում և ամսի 21-ին եղբայրը զանգահարեց, որ դին գտնվել է՝ Գորիսի դիահերձարանում», — պատմեց Արսեն Քարամյանը։

Հոր խոսքով՝ Վահեն պարտաճանաչորեն պահելով զինվորական գաղտնապահություն, ամեն անգամ խոսելիս, թաքցրել է իրավիճակի լրջությունը, միշտ հանգստացրել ընտանիքին, ասել, որ ամեն ինչ լավ է։

«Վերջին անգամ իր մայրիկի հետ է խոսել։ Ասել է՝ մամ ջան ամեն ինչ նորմալ է, էստեղ հարսանիք է», — պատմեց Վահեի հայրը։

Վահեն և Շուշանը սիրով ամուսիններ են եղել։ Շուշանը 3-րդ երեխային ունեցել է հոկտեմբերի 15-ին՝ Երևանում։ Նրա ողբերգական մահը վրա է հասել հոկտեմբերի 21-ին, ավտովթարից՝ շտապում էր ամուսնու հուղարկավորությանը։ Ամուսինները հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

«Երեխաներից մեծը ամեն ինչ էլ հասկանում ա, կարոտում ա ծնողներին․․․», — ասաց Վահեի հայրը։

Վահե Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ