«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են…». Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարան գալով չեն հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ իշխանություններին րոպե առաջ հեռացնելը:

«Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու համար: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են: Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում:
Ընդդիմությունն անում է այն, ինչի գործիքակազմ ունի: Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, և եթե այն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա ազնվորեն դա պետք է խոստովանի ու հեռանա»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ինչպես է «Պատիվ ունեմ»-ը պատկերացնում խորհրդարանում համագործակցությունը իշխող ուժի հետ, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ բերվի օրինագիծ, որը կբխի Հայաստանի ժողովրդի շահերից, ապա պատրաստ են, պարտավոր են համագործակցել ու կողմ քվեարկել: Այլ որևէ տարբերակում «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների հետ համագործակցություն հնարավոր չի համարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ