Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Ռշտունի» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու քաղաքացիները:

Օպերատիվ է գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նշված վաշտի ավագ տեսուչներ Շիրակ Մինասյանն ու Մանուկ Սարգսյանը , որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում և խցանում տեղի չունենա: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել է ճանապարհը: Վթարի վայր են ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը: Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր ն նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերույթյունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ