Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչները նոր բնակարան կստանան

Ժաննա Խաչատուրովա (բնակիչ) — Մենք այս շենքում ապրում ենք միայն՝ այդ 10 ընտանիքս, շների, կատուների ու կռիսների հետ:

Տիկին Ժաննան արդեն 30 տարի է՝ ապրում է Արցախի փողոցի այս հանրակացարանում: Շենքը 2016 թվականից 4-րդ կարգի վթարային է և ենթակա է ապամոնտաժման:

Ժաննա Խաչատուրովա — 30 տարի է, քանի՞ կառավարություն փոխված կլինի, բոլորը խոստացան մեզ բնակարան հատկացնել: Իրենց սխալ բաշխումներից մենք 10 ընտանիք մնացել ենք այս փլատակների տակ: Անգամ Հնդկաստանում այսպիսի գարշահոտ գետնախորշեր չկան:

Կառավարությունը հուլիսի 15-ին ընդունել է շենքն ու հարակից ևս երկու բնակելի շինությունն ապամոնտաժելու, իսկ այնտեղ բնակվող 64 ընտանիքին վերաբնակեցնելու որոշում: Շենքում ապրողները տեղյակ են որոշման մասին, սակայն դեռ չեն հավատում դրա կյանքի կոչմանը:

Սերգեյ Ներսեսյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) — Սկսում ենք գնման գործընթացը: Նախնական հաշվարկներով՝ մեզ ընդհանուր հարկավոր է մոտավորապես 64 բնակարան, ընդհանուր մակերեսը կազմում է 2000 քմ: Նախնական պատկերացմամբ՝ գնման գործընթացում քմ-ի համար մեկնարկային արժեքը լինելու է 250 հազար դրամ:

Քաղաքացիների համար նոր բնակարան կգնի համայնքը: Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի խոսքով՝ նախնական հաշվարկով՝ համայնքի բյուջեից ծախսվելու է 500 մլն դրամ:

Սերգեյ Ներսեսյան — Համայնքը գնված բնակարանները փոխանակելու է բնակիչների հին բնակարանների հետ: Այդ բնակարանները հանձնելու են համայնքին:

Բնակիչները վերաբնակեցվելու են նորակառույց շենքերում: Նրանցից յուրաքանչյուրը հստակ գիտի, թե քանի սենյականոց բնակարան պետք է ստանա:

Կարինե Հայրապետյան — Մեզ ընդհանրապես երեքսենյականոց է հասնում՝ որպես փախստական, որպես անձերի թվով: Մինչև հիմա գործում է այդ օրենքը:

Քաղաքապետարանն Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային երեք շենքում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցումը նախատեսում է ավարտել մի քանի ամսում: Վերջին բնակչի դուրս գալուց հետո շենքերը կապամոնտաժվեն, իսկ տարածքը կդրվի աճուրդի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ