Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ տեսուչի ապօրինությունները

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչի ապօրինությունները։

Ճանապարհային ոստիկանությունը ևս հետևողական պայքար է մղում սեփական շարքերն արատավոր երևույթներից մաքրելու ուղղությամբ։ Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ ավագ տեսուչը 2019-2020 թվականների ընթացքում ՃՈ տեսուչների կողմից տեղում գանձված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններին կցված վճարման անդորրագրերն էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, իսկ դրանից առաջացած գումարները՝ շուրջ 7 միլիոն դրամի չափով, ծախսել է իր անձնական կարիքների համար: Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է:

Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հիշյալ ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ