ՄԻԵԴ-ը դեռ դեկտեմբերին է բավարարել ՀՀ կառավարության դիմումը՝ կիրառել միջանկյալ միջոց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով զերծ մնալ ռազմագերիներ Դավթյանի և Սուջյանի իրավունքները խախտելուց

Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից շինծու քրգործով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի մասով ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։ Այս մասին Civic.am-ին, հարցմանն ի պատասխան, տեղեկացրեց ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի գրասենյակի փորձագետ Հասմիկ Սամվելյանը։

Նրա փոխանցմամբ՝ Եվրոպական դատարանը դեռևս 2020 թվականի դեկտեմբերի սկզբին բավարարել է ՀՀ կառավարության դիմումը և կիրառել միջանկյալ միջոց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով զերծ մնալ վերը նշված անձանց իրավունքները խախտելուց. «Բաքվում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ ընթացող քրեական վարույթների վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պարբերաբար տեղեկատվություն է ուղարկում Եվրոպական դատարան»։

Հարցին, թե գերիներին 15 տարվա ազատազրկման դատավճռից հետո նոր դիմում պատրաստվո՞ւմ է ուղարկվել ՄԻԵԴ, նշվեց, որ դեռևս չկա այդպիսի որոշում․«Եթե լինի, մենք կտեղեկացնենք։ ՄԻԵԴ-ը գերիների վերադարձով զբաղվող կառույց չէ, այս ամենը նրանց կյանքի իրավունքի պաշտպանության համար է արվում»։

Հիշեցնենք, որ ըստ երեկ կայացված դատավճռի՝ հայ գերիները պատժի առաջին 5 տարին անցկացնելու են բանտում, մյուս տարիները՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Ադրբեջանը հայ գերիներին մեղադրանք էր առաջադրել երկրի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով։ Մեղադրող դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 16-ական տարվա ազատազրկման, իսկ պատժի կրումից հետո արտաքսել Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը գերեվարվել էին հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Բերձոր-Շուշի ճանապարհին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ