Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մարմնական վնասվածք է ստացել ավագ լեյտենանտը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․

«2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել ավագ լեյտենանտ Հ.Ս.-ն:

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, և ձեռնարկվում է նախաքննություն»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ՊՆ-ի հաղորդմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ