«Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց․..». Նիկոլ Փաշինյան

Այսօրվա գործադիր նիստին ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից շահարկվող միջանցքի բացման թեմայի շուրջ։

«Ադրբեջանը հետեւողական գործողություններ է ձեռնարկում ՝ վարկաբեկելու տարածաշրջանում կոմունիկացիաների բացման թեման։ Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության չ-րդ վերաբերելի կետում, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որեւէ միջանցք արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ։ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա ՝ մատնանաշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ։

Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց եւ վերըհիշատակված ձեւակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարեւոր հարց է մեզ համար, այլեւ գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում։

Մեզ համար միանշանակ է եւ աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն եւ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորթակցություն ունենա՝ այդ թվում դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորթակցություն ունենա դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան», — ասաց Փաշինյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ