Կառավարությունը 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ կհատկացնի «Սինոֆարմ» եւ «Պֆայզեր» ձեռք բերելու համար

ՀՀ կառավարությունը պատրաստվում է 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով: Հարցը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:

Նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը «COVAX FACILITY»-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ունի ձեռքբերելու «COVID-19»-ի դեմ պատվաստանյութ, որը կապահովի բնակչության 10%-ին:

ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան եւ արդյունավետ շարունակելու նպատակով առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաեւ չինական «Սինոֆարմ» եւ գերմանական «Պֆայզեր» ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա եւս 10%-ով (500 հազար դեղաչափ, 250 հազար անձ` 2 դեղաչափով):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում՝ «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաեւ 3-17 տարեկան անձանց համար:

Նշենք, որ Հայաստանում պատվաստումներն այս պահին իրականացվում են երեք պատվաստանյութերով՝ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով, 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ