Քաղաքական ուժերին հորդորում ենք մոռանալ տարաձայնությունները և անել առավելագույնը՝ պետությանն օգնելու համար. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Պատերազմը չի ավարտվել, մեր հայրենիքը շարունակում է գտնվել պարտադրված պատերազմի մեջ։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, պահանջվում է աննախադեպ միասնություն ու համախմբվածություն՝ առաջին հերթին ու առավելապես պետության, պետական ինստիտուտների շուրջ։ Այս մասին ասվում է «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարության մեջ:

«Որևէ պարագայում չպետք է թույլ տալ մեր պետության համար այս ճակատագրական հանգրվանում իր ուժերը վերագտնող պետական ինստիտուտների դիրքերի ավելի թուլացում։ Վաղ առավոտից քաղաքական և քվազիքաղաքական որոշ շրջանակներից հնչում են տեսակետներ, որոնք լրջագույն մտահոգության առիթ են տալիս՝ որտեղի՞ց այդքան ատելություն սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի հանդեպ։

Մեր համոզմամբ, այսպիսի բախտորոշ իրավիճակում պետության դեմ ուղղված ցանկացած քայլ, հայտարարություն, հանրայնացված տեսակետ հավասարազոր է դավաճանության։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց և գործողություն ձեռնարկելուց, եթե անգամ դրան դիմելու դրդապատճառները պայմանավորված են օրհասական իրավիճակում երկրին իրենց պատկերացումներով օգտակար լինելու մղումով։

Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, այդ թվում նրանց, ում հետ շարունակում ենք գտնվել ամենասուր ընդդիմախոսության մեջ, կոչ ենք անում և հորդորում ենք՝ այս պահին մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները, համակրանքներն ու հակակրանքները և անել առավելագույնը՝ պետությանն օգնելու, աջակցելու համար։

Քաղաքականությունը խաղաղ ժամանակների գործունեություն է, որով զբաղվելու ժամանակ և անհրաժեշտություն բոլորս վստահաբար ունենալու ենք։

Մինչ այդ պետք է համախմբվենք բանակի ու զինվորի, հրամանատարության ու երկրի ղեկավարության շուրջ՝ պատերազմում հաղթելու ու քաղաքականությամբ զբաղվելու մեր իրավունքը վերադարձնելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ