Մոսկվան ակնհայտորեն ի վիճակի չէ արդյունավետ իրացնել եռակողմ գործընթացի հովանու դերը, եւ ուրախ կլինի ազատվել դրա պատասխանատվությունից

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պոպուլյար հարցադրման վերաբերյալ անեմ ոչ պոպուլյար մի դիտարկում:

Տպավորություն է, որ մեր հանրության մի մասը ՄԱԿ ԱԽ-ն շփոթում է Հայաստանի ԱԽ հետ, երաշխավորված համոզում ունենալով, որ բավական է սահմանային իրադրության հարցը տանել ՄԱԿ ԱԽ եւ այնտեղ մեզ համար անհրաժեշտ դիրքորոշումները գալու են «ինքնահոսով»:

Այն դեպքում, երբ ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայից բացի, որին արվում են հիմնական հղումները, կան մշտական եւս չորս անդամներ, որոնք Բաքվի ու Անկարայի հետ մեղմ ասած չունեն ավելի վատ հարաբերություն եւ ավելի պակաս շահեր, քան մեզ հետ, եւ լինելու են նաեւ 10 ոչ մշտական անդամներ, որոնք փոփոխվում են: Ի դեպ, հենց այդ տասը ոչ մշտական անդամների գործոնը էական է եղել 2020 թվականի հոկտեմբերի 19-ի նիստում, որը ընթացել է մեզ համար ոչ ցանկալի հունով:

Հիմա, գուցե հնչի միամիտ, բայց մենք արդյո՞ք պետք է դիտարկենք տարբերակ, երբ Բաքուն ավելի շահագրգրված կարող է լինել հարցը ՄԱԿ տեղափոխելու գործում, առնվազն՝ հնարավորինս արագ տեղափոխելու գործում, որովհետեւ «բազային» առումով իրենք այս տարիների հանրագումարում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շատ ավելի պատրաստված են ՄԱԿ հարթակում, քան մենք:

Եվ մյուս հանգամանքը, ոչ պոպուլյար հարցադրումով: Արդյո՞ք արժե դիտարկել տարբերակ, որ նույն շահագրգռությունը կարող է ունենալ նաեւ Ռուսաստանը, որովհետեւ, Մոսկվան ակնհայտորեն ի վիճակի չէ արդյունավետ իրացնել եռակողմ գործընթացի հովանու դերը, եւ ուրախ կլինի ազատվել դրա պատասխանատվությունից, բայց՝ Հայաստանի պատասխանատվությամբ: Որովհետեւ, ՄԱԿ ԱԽ-ում եթե Ադրբեջանը կարողանա ստանալ իր համար այս կամ այն կերպ ընդունելի բանաձեւ, Մոսկվան կարող է պարզապես սահուն կերպով
«լվանալ ձեռքերը»:

Ոչինչ անշուշտ միարժեք չէ, բայց առավել եւս այդ պարագայում շատ կարեւոր է դիտարկել ամեն ինչ, առերեւույթ դրսեւորվողից բացի: Դիտարկել ամեն ինչ ու ըստ այդմ որեւէ քայլ անել, երբ գոնե համոզված ես, որ պատրաստ ես դրա շրջանակում հնարավոր ամեն ինչի եւ արել ես այդ կապակցությամբ անհրաժեշտ ծանրութեթեւը, թե՛ բովանդակության, թե՛ ժամկետների առումով:

Ահա այդ նկատառումով, գերադասելի եմ համարում մինչեւ «ում ենք սպասում» հարցը, դիտարկենք հնարավոր մյուս բոլոր հարցերը, մշակենք պատասխանները, մեր քայլերը այդ դեպքում, եւ ըստ այդմ կայացնենք որոշումներ:

Այդուհանդերձ, չեմ կարող ասել, երբ դիմելն է ճիշտ, որովհետեւ չունեմ իրերի պոհանոցային դրության վերաբերյալ բավարար տեղեկացվածություն: Բայց, հենց այդ պատճառով էլ, կրկնեմ, «ում ենք սպասումի» փոխարեն, օրինակ կտամ այլ հարց՝ մենք աշխատու՞մ ենք այդ ուղղությամբ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ բոլոր երկրների հետ, որպեսզի ստեղծենք Հայաստանի դիմումի ամուր հիմք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ