«Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Անատոլի Գնունի

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը երեկոյան ժամերին է եղել, տանը մարդ չի եղել։ Այս մասին նա հայտնեց news.am-ի հետ զրույցում։

«Տունը թալանել են, մինչ ես հիվանդների գլխին կանգնած նրանց կյանքն էի փրկում»,–նշեց բժշիկը։

Նրա խոսքով՝ գողերը տարել են թանկարժեք իրեր, իսկ տանը մեծ գումար չի ունեցել պահած, տունը խառնել են, տակնուվրա են արել. «Ինչը տեսել են թանկարժեք է, վերցրել ու տարել են,  գումար չեն տարել, եթե նույնիսկ տարել են, փոքր գումար է եղել, այն առօրյա գումարը, որ ամեն մեկի տանը կա»։

Հարցին՝ իսկ ի՞նչ թանկարժեք իրեր են տարել, Անատոլի Գնունին նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, քանի որ տունը տակնուվրա է արված, սակայն մանրամասնեց՝ ոսկեղեն են տարել

Նա դժվարացավ կասկածյալներ մատնանշել, սակայն շեշտեց.  «Եթե համաներում չհայտարարեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ»։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ գողություն կատարած անձը (անձինք) արդեն իսկ փորձված է եղել գողությունների մեջ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ