Աննախադեպ սադրանք. Բաքուն Մոսկվայի դե՞մ, թե՞ Մոսկվայի հետ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 3.40-ին ադրբեջանական զինուժը գրոհ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, փորձելով իրականացնել առաջխաղացում և զբաղեցնել նպաստավոր դիրքեր: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում հայկական զինուժը հետ է շպրտել հակառակորդին, պատճառելով կորուստներ: Ցավոք, կորուստ ունի նաև հայկական կողմը՝ 3 զոհ և երկու վիրավոր: Ադրբեջանը փաստորեն կտրուկ և նոյեմբերի 9-ից հետո թերևս աննախադեպ մասշտաբով սրել է իրավիճակը Գեղարքունիքի ուղղությամբ, մի քանի օր շարունակ լարված պահելով իրադրությունը Երասխի դիրքերում: Այդ առումով հարց է առաջանում, արդյո՞ք ադրբեջանցիների համար Երասխը ըստ էության այսպես ասած շեղող մանևր էր՝ Գեղարքունիքի ուղղությամբ հիմնական գրոհը պատրաստելու համար:

Միաժամանակ, ուշադրության է արժանի այն, որ սահմանի իրադրության այդ աննախադեպ լարմանը նախորդել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը սահմանի հենց Գեղարքունիքի հատված, հայկական Պն ուղեկցությամբ: Նույն օրը տեղի էր ունեցել նաև ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի նորանշանակ առաջին տեղակալ, դե ֆակտո նախարար Արշակ Կարապետյանի միջև: Հուլիսի 27-ին էլ Կարապետյանը մեկնել է Մոսկվա և հանդիպել Շոյգուի հետ: Ընդ որում, Հայաստանի ՊՆ-ը հայտնելով ադրբեջանցիների գրոհի մասին, տեղեկացրել էր նաև, որ Բաքուն լարում է իրավիճակը Մոսկվայում սպասվող բանակցությունից առաջ: Սա հարց է առաջացնում, թե ինչ բանակցության մասին է խոսքը, ովքեր պետք է մասնակցեին բանակցությանը, և արդյո՞ք դրա սպասման հետ ուղիղ առնչություն ուներ Գեղարքունիքի սահմանային հատվածն ու այդ հատված ԱՄՆ դեսպանի այցը:

Հարցերը իսկապես շատ են և դրանք ավելանում են նաև այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը համաձայնել է կրակի դադարեցման ռուսական առաջարկին: Ադրբեջանը համաձայնել է ռուսական առաջարկին, որովհետև բավարարվել են Բաքվի պայմաննե՞րը, թե՞ ռուսական առաջարկի ներքո խոսքը պարզապես ռուսական զգուշացման մասին է, որ Մոսկվան ուղղակի չի կարող այլևս սովորականի պես հետևել Բաքվի գործողություններին, քանի որ ուղղակիորեն արժանանում է Հայաստանի հասարակության խստագույն մերժմանն ու քննադատությանը, ինչը հարված է Մոսկվայի քաղաքական դիրքերին: Այլ կերպ եթե ձևակերպենք հարցը, այն հետևյալն է. Բաքվի աննախադեպ սադրանքը Մոսկվայի հետ համաձայնեցված ճնշու՞մ էր Հայաստանի հանդեպ, որը չի ընդունում խաղաղ գործընթացի և բանակցության այն պայմանները, որ առաջ է քաշում Բաքուն, թե՞ Բաքվի սադրանքը պայմանավորված էր նրանով, որ Մոսկվան սկսել է այլևս ակտիվ չլինել թուրք-ադրբեջանական օրակարգի դաշտում և քննարկումներ է ծավալում Մինսկի խմբի համանախագահության հետ: Ի դեպ, այդ առումով ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ Բաքուն աննախադեպ սադրանքի գնաց ԱՄՆ դեսպանի Գեղարքունիքի սահմանային դիրքերի այցից հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ