Մոլորակին սպասվում են անոմալ շոգի նոր ալիքներ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ռեկորդային շոգերի հարցում կլիմայական փոփոխությունների դերը թերագնահատված է, և գլոբալ տաքացման արագացող տեմպերը երաշխավորում են, որ առաջիկա տասնամյակների ընթացքում մարդկությունը կբախվի ավելի սաստիկ անոմալ տապի հետ:

Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Nature Climate Change ամսագրում հրապարակված հետազոտությանը:

Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի գիտանականները համակարգչային մոդելավորման և վերջին տարիների եղանակային երևույթների վերաբերյալ տվյալների միջոցով ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվում ռեկորդային տապի ալիքների հավանականությունը և ինչպես դա կշարունակի փոխվել գլոբալ տաքացմանը զուգահեռ:

Գիտնականները պարզել են, որ ջերմոցային գազերի մեծ արտանետումների դեպքում 2021-2050 թվականների ընթացքում ռեկորդային բարձր ջերմաստիճան կլինի 2-7 անգամ ավելի հաճախ, իսկ 2051-2080 թվականներին՝ 3-21 անգամ ավելի հաճախ:

Հոդվածում նշվում է, որ ներկայումս Երկիր մոլորակի ջերմաստիճանը մեկ տասնամյակում ավելանում է ըստ Ցելսիուսի 0.18 աստիճանով՝ ավելի արագ, քան նախորդող 40 տարիներին: Դա մարդկությանը կանգնեցնում է աննախադեպ շոգի ավելի մեծ վտանգի առջև:

Ըստ հետազոտության հեղինակների՝ ստացված տվյալները վկայում են այն մասին, որ հարկավոր է շուտափույթ կերպով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ