Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ

Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի` Խնածախ բնակավայրը տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով մեկնարկել են ջրագծերի մոնտաժման աշխատանքները. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Շահառու բնակիչների թիվը 800 է։

Համայնքը կենարար հեղուկով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ Ընդհանուր ներդրումը կազմում է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի փետրվարին։

Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի ունեցել, ջրի խնդիրը տարեցտարի ավելի է սրվել, այժմ բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ ոչ անհրաժեշտ քանակությամբ, իսկ ջուրը բնակավայրից հեռու հատվածից տուն հասցնելը լրացուցիչ բեռ է` վերջիններիս համար համար։Ըստ Տեղի համայնքապետարանի` ջրի խնդրի լուծումը մեծապես կկանխի համայնքից արտագաղթը, 2008 թվականից ի վեր Խնածախը լքել է 300 բնակիչ, պատճառներից մեկը հենց ջրի բացակայությունն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ