Լուկաշենկոն՝ ԼՂ խնդրի և ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների մասին

Բելառուսին ու Ադրբեջանին հաջողվել է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել իրենց հարաբերությունները։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի՝ դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ կայացած հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև սերտ ու բարեկամանական, եղբայրական հարաբերություններ են ձևավորվել։

Նա նաև անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ նշելով, որ բելառուսական կողմն անհանգստացած էր անցյալ տարի Ադրբեջանի ու Հայաստանի միջև սրված հակամարտության կապակցությամբ։

«Հիմնականում Ադրբեջանի ու ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել այն խնդիրների խաղաղ կարգավորմանը, որոնք գոյություն ունեին։ Իհարկե, խաղաղության ճանապարհը նոր է սկսվել»,- ասել է Լուկաշենկոն։

Խոսելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություների զարգացման մասին՝ Բելառուսի նախագահն ասել է, որ իր երկիրը մշտապես պատրաստ է Ադրբեջանին տեխնիկական ու տեխնոլոգիական օգնություն ցուցաբերել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ ածխաջրածնային հումքի մատակարարումների համար։

«Ապրե՛ք, չտրվեցիք Արևմուտքի ճնշումներին։ Ինչպես պայմանավորվել էինք, այդպես էլ գործում եք։ Դուք մեզ վրա կարող եք հույս դնել։ Մենք պատրաստ ենք իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իմ՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ