«Աշնան առաջին կեսին կա COVID 19-ի նոր ալիքի վտանգ. ամեն ինչ անելու ենք, որ բնակչության 40-50%-ը պատվաստվի…». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր ներկա է գտնվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակառուցված ախտորոշիչ բաժանմունքի բացմանը։

Նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ բաժանմունքը ամբողջովին կերպարանափոխվել, կահավորվել է և համալրվել սարքավորումներով։

«Այս պետական ամենամեծ բժշկական կենտրոնը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, ու մենք ամբողջ համալիրը, որը բաղկացած է նաև ծննդատնից և պոլիկլինիկական ծառայությունից, պիտի բերենք այսպիսի մակարդակի»,- ասաց Ավանեսյանը։

Նա հավելեց, որ բացվել են նաև նոր բաժանմունքներ, որոնք նոր ծառայություններ են մատուցելու քաղաքացիներին, վերազինվել և վերանորոգվել է նաև վերակենդանացման բաժանմունքը, որը ծառայում է նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։
Խոսելով CՕVID 19-ի հիվանդության թվերի աճից՝ Ավանեսյանն ասաց, որ աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց առաջիկայում՝ հատկապես աշնան առաջին կեսին, կա նոր ալիքի վտանգ։

«Ինչ վերաբերվում է «դելտա» շտամին՝ այս պահին սեկվենավորած օրինակ դեռ չունենք, բայց միանշանակ այն Հայաստանում էլ շրջանառվում է։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է, եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում։ Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսները ավելի դյուրին դարձնելու առումով, որ բնակչության 40-50%-ը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ