Պատերազմում երկու ձեռքը կորցրած ալավերդցի Կարենը լավատեսորեն է նայում կյանքին

Ալավերդցի 19-ամյա Կարեն Խլոպուզյանը 44-օրյա պատերազմի չորրորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, թշնամու տանկային գրոհի ժամանակ Հադրութի դիրքերում կորցրել է երկու ձեռքը: «Առաջինը, որ նկատեցի, տանկի «ասկոլկեքից» մանր մասերի բաժանված ձեռքերս էին»,- պատմում է նա: Կարենը ներկայում պրոթեզավորվում է Երևանի Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում:

Կարենի հետ հանդիպեցինք Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բակում: Նա կրում էր միայն աջ ձեռքի արմունկից ներքև պրոթեզը: «Աջ ձեռքիս արմունկը կա, ավելի հեշտ էր պրոտեզավորումը: Ձախ ձեռքս արմունկից վերև է կտրված, պրոտեզավորումը ավելի դժվար է լինելու՝արմունկ և մատեր են սարքելու»,- բացատրեց նա: Վերականգնողական կենտրոնում մասնագետները Կարենին սովորեցնում են կառավարել ձեռքի պրոթեզը, կատարել գործողություններ:

Կենտրոնի լրատվության և հանրային կապերի պատասխանատու Սաթեն Միքայելյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Կարենին տրամադրվել է իսլանդական Össur ընկերության արտադրության՝ ներկայում աշխարհում գոյություն ունեցող լավագույն պրոթեզներից մեկը: «Պրոթեզները բիոնիկ են, ունեն մինչև 36 կոմբինացիայի հնարավորություն: Դրանք թույլ են տալիս բացարձակ ինքնուրույն լինել կենցաղում, առավելագույն չափով փոխարինում են բիոլոգիական ձեռքին»,- ասաց նա: Պրոթեզավորումն իրականացնում են Össur-ի ռուսական ներկայացուցչական ընկերության բարձրակարգ մասնագետները, որոնք Հայաստանում են ԶԻնվորի տուն վերականգնողական կենտրոնի հրավերով:

Կարենը զինծառայության է մեկնել 2020-ի հուլիսի 20-ին: Հազիվ երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Պատմում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 7:30-ի սահմաններում, նախաճաշելու համար դասակով կանգնած էին զորամասի զինվորական ճաշարանի առաջ: Հանկարծ տագնապի չարագույժ ազդանշան է լսվում զորամասում:

Պատերազմը Հադրութում սկսվել է թշնամու ԱԹՍ-ների հարձակումով: Կարենը վեց ամիս զինվորական պատրաստությունից հետո պետք է տեղափոխվեր ինչպես ինքն է ասում՝ «պոստավոյ բատալիոն»: Պատերազմը սկսվելուն պես դեռ զենք օգտագործելու գործում չհմտացած զինվորը նույն օրը տեղափոխել է Հադրութի դիրքեր:

Պատերազմի չորրորդ օրը Կարենը կորցրել է երկու ձեռքը. «Թշնամու տանկային գրոհի ժամանակ ծանր վիրավորվեցի: Առաջինը, որ նկատեցի, մանր մասերի բաժանված ու կտրված ձեռքերս էին»,- հիշում է նա: Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված Կարենին վիրահատել, ապա տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժումներ է ստացել մինչև նոյեմբերի 5-ը: Մայրը՝ Լիդան, պատմում է, որ այդ ժամանակ որդուց տասը օր լուր չի ունեցել: «Ամեն գիշեր երազում տեսնում էի որդուս: Վերջին երազում Կարենը երկու ձեռքով մի սև կոշիկ էր ինձ ցույց տալիս, ապա դրանք երկու ձեռքով թաքցնում մեջքի հետևում: Ծանր զգացողությամբ արթնացա: Այդ օրը հեռախոսիս անծանոթ հեռախոսահամարից զանգ եկավ: Մի աղջիկ ինձ բարևեց ու ասաց՝ Ռիտայի հե՞տ եմ խոսում: «Ռիտա չէ, Լիդա է»,- կողքից նրան ուղղեց մեկը: Հեռախոսում ճանաչեցի Կարենիս ձայնը»,- պատմեց տիկին Լիդան: Այդ աղջիկն էլ մորը հայտնել է Կարենի՝ Մուրացանի հոսպիտալում գտնվելու մասին:

«Աղջիկս, երբ հիվանդասենյակում Կարենին կերակրում էր, նկատեցի, որ Կարենս թաքուն արտասվում է»,- պատմում է մայրը՝ Լիդան։
Հոսպիտալի բակից մայրը խոսել է Կարենի հետ։ «Ասավ՝ մամ, ինչի ես լացում, ես լավ եմ, սակայն նրա ձայնը այդ մասին չէր խոսում»,- պատմում է Լիդան: Մորը և քրոջը կանչել են Կարենին բուժող բժշկի մոտ: Վերջինս էլ հարազատներին հայտնել է պատերազմում Կարենի ձեռքերից զրկվելու մասին: «Աղջիկս, երբ հիվանդասենյակում Կարենին կերակրում էր, նկատեցի, որ Կարենս թաքուն արտասվում է»,- պատմում է մայրը: Կարենի ընտանիքը բազմանդամ է: Նա ընտանիքի չորրորդ և փոքր զավակն է. «Ես Կարենին բարուրի մեջ թողել, գնացել եմ անտառից մոշ և այլ հատապտուղներ հավաքել՝ հացի փող անելու համար: Կարենին մեծ քույրը՝ Հերմինեն է մեծացրել: Հիմա էլ որդուս հիմնական խնամողը Հերմինեն է: Իմ տղան շատ զուսպ, համեստ մարդ է»,-ասում է մայրը:

Խուլ ու համր ընկերը Կարենին օգնում է ծխել

Կարենը արագ է կողմնորոշվել առանց ձեռքերի կյանքը շարունակելու համար: Շրջապատի հետ հաղորդակցվելու համար նա աջ ձեռքի արմունկով սկսել է հավաքել հեռախոսահամարներ և ուղարկել հաղորդագրություններ: «Կարենին սիրում եմ եղբորս պես»,- ասում է նևա մտերիմ ընկերը՝ մանկուց հաշմանդամ, համր Ալբերտ Խաչատրյանը: Ալբերտն ու Կարենը նույն դպրոցում սովորել են առաջին դասարանից: Հանրակրթական դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո միասին ընդունվել են Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի քանդակագործության բաժինը: Կարենը շատ արագ է սովորել հաղորդակցվել Ալբերտի հետ: Ալբերտն էլ ծանր օրերին մենակ չի թողել ընկերոջը:

«Երբ ճաշի սեղան են նստում, Ալբերտս արագ տեղավորվում է Կարենի կողքին։ Ալբերտը պատերազմից վերադարձած ընկերոջը օգնում է նաև ծխելիս»,- պատմում է Ալբերտի տատը՝ տիկին Ֆլորան: Կարենը մասնագիտությամբ քանդակագործ է։ «Եթե հիմա ասեմ, պետք է ընդունվեմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ՝ մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու համար ու հետո չընդունվեմ, կարող է հետո գրեք, որ խոսքը չկատարեց: Այդ ժամանակ անհարմար կզգամ»,- ասում է Կարենը:

Կարենի մտերիմ ընկերը՝ Ալբերտը։

Ալավերդու արհեստագործական ուսումնարանի քանդակագործության դասարանի վարպետ Կորյուն Սանահնեցին ասում է, որ Կարենը տաղանդավոր տղա է, հրաշալի խաչքարեր է փորագրում նաև փայտի վրա: «Ստեղծված վիճակում լուրջ քանդակագործ դառնալը կախված է Կարենից»,- ասում է վարպետը:

«Ձեռքի բիոնիկ պրոթեզները մեծ հնարավորություններ են տալիս, սակայն դրանց կիրառման արդյունավետությունը կախված է բացառապես օգտագործողից»,- վստահեցնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի պրոթեզավորող մասնագետները:

«Ես լավատեսորեն եմ նայում կյանքին»,- հրաժեշտին ասաց Կարենը:

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ 2,5 ամիս առաջ գրել էր. «Կարենը տուն չունի: Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս։ Կարենի համար Ալավերդու Սարահարթ թաղամասում գեղեցիկ առանձնատուն կկառուցի՝ ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացմամբ, բոլոր հարմարություններով։ Նախագիծը պատրաստ է։ Քրոջ` Հերմինեի հետ զբաղված ենք թղթաբանական հարցերի լուծմամբ։ Պրն Անգելյան, բարեկամ, շնորհակալ եմ»:

Պատգամավոր Արեն Մկրտչյանին հիշեցնում ենք, որ թեև անցել է 2,5 ամիս, սակայն Ալավերդու ավագանին Կարեն Խլոպուզյանի բնակարանի կառուցման հողահատկացման որոշում դեռ չի կայացրել: Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը հուլիսի 24-ին Սիվիլնեթին հայտնեց, որ ավագանու նիստի քվորում ապահովելու դեպքում Կարենի բնակարանի կառուցման հողահատկացման որոշումը կկայացվի հուլիսի 29-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ