Խորհրդարանի ռադիկալ կոչվող ընդդիմության նպատակը խանգարելն է, նրանց պետք է շրջանցել ու արհամարհել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ՍԴ-ն հրապարակեց ընտրությունների վերաբերյալ որոշման տեքստը։ Հայտնի է նաև, որ ընդդիմադիր խմբակցությունները վերցնելու են մանդատները և լինելու են ռադիկալ ընդդիմություն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Իհարկե դա որոշակի բարդություններ ստեղծում է։ Իրենց նպատակն էլ հենց անկայունություն, բարդություն ստեղծելն է։ Պետք է համապատասխան մոտեցումներ գտնենք ու աշխատենք։ Ժամանակը ցույց կտա, բայց պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վնասը մինիմիզացնենք։

-Հնարավո՞ր է ժամանակի ընթացքում բերել աշխատանքի, կառուցողական դաշտ։

Ես կարծում եմ, որ իրենց բոլոր դրսևորումները՝ աշխատանքները խափանելու հետ կապված, պետք է կանխվի։ Իրենցից բացի կան այլ քաղաքական ուժեր ընդդիմադիր դաշտում, որոնց հետ կարելի է աշխատել։ Եթե ընդդիմությունը պատրաստ է աշխատել, միայն օգուտ կարող ենք ստանալ։ Իսկ եթե պատրաստվում են խանգարել՝  նման ընդդիմությանը պետք է շրջանցել ու արհամարհել։

-Նկատի ունեք՝ վարչապետի  նախաձեռնած արտախորհրդարանական ընդդիմության հարթակը, որի հետ կարելի է աշխատել։

-Նաև դա։ Բայց կարծում եմ, որ ռադիկալ կոչվող ընդդիմությունը, որի նպատակը խանգարելն է՝ պետք է շրջանցել։

-Իրենք նաև չեն բացառում փողոցային բողոքի ցույցերն ու անհնազանդությունները։ Ի՞նչ սպասել։

-Նրանք ամեն գնով պատրաստ են ռևանշ վերցնել։ Նրանք ընդդիմություն չեն, սովորական ռևանշիստներ են, բայց իրենց ժամանակն անվերադարձ անցել է։

-Ձեր կարծիքով՝ ՍԴ որոշումով լուծվե՞ց քաղաքական ճգնաժամը երկրում։

-Քաղաքական առումով իհարկե լուծվեց։ Այլ բան է, որ մարդկանց օդ ու ջրի նման պետք է անկայունություն։ Պետք է անընդհատ ասեն, որ կա ճգնաժամ։ Բայց  այդ ճգնաժամն իրենց մոտ է և իրենք դժվար այն հաղթահարեն։ Իրենք չէին ձգտում ինչ-որ բան փոխել, ձգտում էին ռևանշի, բայց չէին գիտակցում, որ այդպես ապրելու ու աշխատելու ժամանակները հասարակությունը վաղուց մերժել է։ Իրենց ողբերգությունը դրանում է կայանում,բայց որպեսզի քաղաքական կյանքում ունենան ապագա պետք է հիմնովին փոխվեն։ Ըստ երևույթին այս պահին ի վիճակի չեն փոխվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ