«Դա անարդար է»․ Ալիևը նեղսրտել է ԵՄ-ի՝ Հայաստանին հատկացվելիք 2․6 մլրդ եվրո աջակցությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին  պետական AzTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցությանը։ Նա նշել է, որ Հայաստանին հատկացնում են 2․6 մլրդ եվրո, Վրաստանին՝ 2․3 մլրդ եվրո, իսկ Ադրբեջանին՝ ոչինչ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հնչեցվել է 150 մլն եվրո թիվը, բայց մեզ չեն ասել կոնկրետ, երբ է այն հատկացվելու, որոնք են դրանց հատկացման պայմանները։ Իհարկե, կարծում եմ, որ  դա սխալ դիրքորոշում է, քանի որ Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենամեծ երկիրն  է՝ և՛ տարածքով, և՛ բնակչությամբ, և՛ պոտենցիալով։ Մինչ այժմ տարածաշրջանի երկրներին այդքան խոշոր գումարներ չեն հատկացվել։ Սա վկայում  է այն մասին, որ այս միջոցները հենց պատերազմից հետո են  հատկացվում, այսինքն՝ պատճառը պատերազմն է։Եթե այդպես է, ապա պատերազմից ամենաշատ տուժած երկիրը Ադրբեջանն է։ Այդ միջոցները պետք է հատկացվեն Ադրբեջանին»,- ասել է Ալիևը՝ բողքելով, որ Հայաստանին այդքան մեծ գումար է հատկացվելու։

«Գումարը տալիս են Հայաստանին․ կա՞ն Հայաստանում ավերվածություններ՝ ո՛չ։ Մե՞նք ենք այնտեղ ականներ դրել՝ ո՛չ։ Դա անարդար է։ Այդ հարցով կարծիքների  փոխանակում է եղել։ Պատասխանը հետևյալն, որ, իբր, Ադրբեջանին միջոցներ պետք չեն։ Առաջինը՝ մեզ ոչ ոք չի առաջարկել։ Առաջարկեք մեզ, և ես կասեմ, պետք են, թե՝ոչ։ Մենք չե՞նք  վերականգնելու «ազատագրված տարածքները»։  Միլիարդավոր դոլարներ են պետք, դրանք հո երկնքից չե՞ն իջնում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ինքնաբավ երկիր է, սակայն  եթե Հայաստանի պես դրամաշնորհ առաջարկեն, ապա երբեք չեն հրաժարվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ