«Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը…». Փաշինյան

«Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»,- այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ն տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապահովելու գործում. «ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործում: Կարծում եմ, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով: Հայաստանը, ինչպես նախկինում, կարևոր է համարում տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը»:

Վարչապետի պաշտոնակատարը անընդունելի համարեց Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի հատումը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •