Բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը պարզեցվել է․ Որ դեպքում որքան է փոխհատուցում պետությունը

Կառավարությունը վերջին նիստում փոփոխություններ է կատարել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերում՝ պարզեցնելով դրա իրականացման ընթացակարգերն ու պայմանները: Փոփոխությունները միտված են ընդլայնելու շահառուների շրջանակը:

Այդ փոփոխություններից մեկով բարձրացվում է շահառուի տարիքային շեմը. եթե նախկինում 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30: Այդ դեպքում աջակցության չափը կազմում է վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը՝ մարզերում, և 35 տոկոսը՝ Երևան քաղաքում:

ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը 1lurer.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց ծրագրից:

«Քանի որ ծրագիրը 1 տարի է, ինչ գործում է, մենք հնարավորություն ունեցանք վերլուծություններ կատարել: Արդյունքում հասկացանք, որ ծրագրի շրջանակներում մինչ այսօր չենք ունեցել շահառու, որը կունենա 3 և ավելի երեխա, բայց տարիքը չի գերազանցի 25-ը: Հաշվի առնելով, որ ծրագրի այս դրույթը կենսունակ չէ, որոշվեց տարիքային շեմը բարձրացնել»,- ասաց Ղարագյոզյանը:

Մյուս փոփոխությամբ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաներին: Այսուհետ, ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով:

Ղարագյոզյանի խոսքով՝ երեխաների անունը սեփականության վկայականի մեջ ներառելը որևէ կերպ չի ազդում նրանց իրավունքների վրա:

«Հաշվի առնելով մինչ այս մեր ունեցած տվյալները՝ հասկացել ենք, որ երեխաներին անշարժ գույքի սեփականության վկայականի մեջ ներառելը երկարատև գործընթաց է, քանի որ անչափահաս երեխաներին վարկային գործընթացում ներառելու համար պահանջվում է հոգաբարձուների խորհրդի թույլտվություն: Բայց քանի որ այդ նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ, ուստի քաղաքացիներին թույլտվություն տալը երկարաձգվում է»,- նշեց խորհրդականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ