«Աթոռը չէ, որ պետք է ինձ գեղեցկացնի…»․ Լոռու մարզում Քոչարյանի պարտությունից հետո 3 համայնքապետեր հրաժարականի դիմում են ներկայացրել

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաստատվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, Լոռու և Գեղարքունիքի մարզպետները տեսակետ հայտնեցին, որ իրենց մարզերի այն համայնքներում, որտեղ համայնքապետերն այն քաղաքական ուժերին են սատարել, որոնք պարտություն են կրել, պետք է հրաժարական տան։ Ըստ մարզպետների՝ համայնքապետերի սատարած քաղաքական ուժերի պարտությունը նաև համայնքապետերի պարտությունն է։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ այդ համայնքապետերը պետք է հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրություններին, որպեսզի հասկանան՝ արդյոք ժողովուրդն իրենց վստահո՞ւմ է, թե՞ ոչ։ Նա նաև համոզմունք էր հայտնել, որ սպասվելիք ՏԻՄ ընտրություններում այդ համայնքապետերը չեն վերընտրվի։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ ընդգծել էր, որ կան մարդիկ, որոնք կարծում էին, թե ընտրություններով աշխարհն ամբողջովին փոխվելու է, և հենց իրենք իրենց համայնքում իրենց բնակիչների նկատմամբ անհասկանալի վարք էին դրսևորում. «Ես կարծում եմ՝ այ, այդպիսի մարդիկ, որոնք վերջում խայտառակ պարտություններ կրեցին իրենց համայնքներում, էդ մարդիկ ուղղակի ինքնակամ պետք է գնան»։

Civic.am-ը կապ հաստատեց Լոռու մարզպետարան՝ ճշտելու, թե արտահերթ ընտրություններից հետո քանի համայնքապետ է հրաժարական ներկայացրել։ Մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը ի պատասխան մեր հարցի՝ նշեց, որ ընտրություններից հետո 3 համայնքների ղեկավարներ արդեն հրաժարական են ներկայացրել, սակայն նա այդ հրաժարականի դիմումները չկապեց մարզպետի հայտարարության հետ. «Հրաժարական են ներկայացրել Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը, Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը և Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը»։

Գյուլագարակ և Հարթագյուղ համայնքներում ընտրություններին առավել ձայներ է հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Սարալանջ համայնքում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է բիզնեսով զբաղվել, և իր հրաժարականը պայմանավորված չէ մարզպետի հայտարարությամբ. «Ես վաղուց էի ուզում հրաժարական տալ, բիզնեսով եմ զբաղվելու։ Ես ընդհանրապես ոչ մի կուսակցության պատկանելություն չեմ ունեցել»։

Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը ևս ընդգծեց, որ իր հրաժարականը պայմանավորված չէ մարզպետի հայտարարությամբ. «Ես ու իմ Աստված գիտենք, թե ինչի եմ հրաժարական տվել, ոչ մեկին հաշվետու չեմ ես»։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությանը՝ համայնքապետն արձագանքեց. «Հլա թող հասնի ընտրությունները, կարող է ընտրություն լինի, կարող է առաջադրվեմ։ Աթոռը չէ, որ պետք է ինձ գեղեցկացնի։ Բոլորն էլ գիտեն՝ ես ում եմ սատարում»:

Իսկ Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը նշեց, որ առողջական խնդիրներ ունի, և իր հրաժարականը պայմանավորված է դրանով։ Հարցին՝ հետագայում կմասնակցի ընտրություններին, թե ոչ՝ համայնքապետը նշեց, որ իր մասնակցությունը կապված է համայնքի խոշորացման հարցի հետ։

Մենք կապ հաստատեցինք նաև Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբազյանի հետ՝ ճշտելու, արդյոք ընտրություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրած համայնքապետեր եղե՞լ են, թե՞ ոչ՝ հաշվի առնելով մարզպետի հայտարարությունը։ Ի պատասխան մեր այս հարցի՝ Հասմիկ Շահբազյանը տեղեկացրեց, որ իրենց մարզի համայնքապետերից որևէ մեկը հրաժարականի դիմում չի գրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ