Պարսկուհին շնորհակալություն հայտնեց ու օդային համբույր հղեց Նիկոլ Փաշինյանին

Քովիդ 19-ի դեմ պատվաստման Հյուսիսային պողոտայի շարժական կետի մոտ գոյացող հիմնականում Իրանից եկած քաղաքացիների հերթերն արդեն կարգավորված են։ Պատվաստման կետի պատասխանատու Արևիկ Թորոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այժմ հերթագրման օնլայն մեխանիզմ է գործում, որով ավելի հանգիստ են ընթանում հերթերը։

«Առաջին հերթափոխում ունենք 90 սպասող անձ։ Ընթացքը նորմալ է, բժիշկները ստուգումներ են իրականացնում և պատվաստում են, 10-15 րոպե մնում են այստեղ ու գնում են», — ասաց նա։

Իրանից ժամանած քաղաքացիներից մեկն էլ, որ արդեն պատվաստվել էր, նշեց, որ ուրախ է «AstraZeneca»-ով պատվաստվելու համար, քանի որ այն հաստատված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և այդ հանգամանքը հնարավորություն կտա իրեն ճամփորդել ամբողջ աշխարհով մեկ։

Նա նշեց, որ իրականում իր համար խնդիր չէ 10 օր Հայաստանում մնալու պարտադիր օրենքը, քանի որ նա էլի է եկել Հայաստան ու սիրով որպես զբոսաշրջիկ կարող է մնալ, սակայն կան մարդիկ, որոնք չէին սպասում, որ նման որոշում կլինի և որ ստիպված պետք է մնան հյուրանոցներում։

Իրանահայերից մեկն էլ ասաց, որ լավ կլինի կրճատել այդ ժամկետն ու դարձնել 5 օր կամ մեկ շաբաթ։ Մարդիկ էլ գալիս են Հայաստան պատվաստվելու, քանի որ, նրա խոսքով, այնտեղ տարիքային սահմանափակում կա։

Իրանուհիներից մեկն էլ տեսախցիկի առաջ իր ուրախությունն ու հիացմունքը հայտնեց Հայաստանին՝ իրենց պատվաստման հնարավորություն տալու ու առողջապահական համակարգին՝ այդքան քրտնաջան աշխատելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և օդային համբույրներ ուղարկեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ