«Արմեն Չարչյանը կվերցնի իր պատգամավորական մանդատը…»․ Արամ Վարդևանյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց, և նա գրավի դիմաց ազատ կարձակվի։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ իրականում պրոֆեսորը երբեք չպետք է կալանավորված լիներ։

«Սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք, որը տևեց, ցավոք, մեկ ամիս, բայց արդարությունն ի վերջո միշտ հաղթում է։ Մենք, կարելի է ասել, ի սկզբանե պարոն Ալեքսանյանի հետ միասին ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի։ Եթե նկատեցիք՝ ինչպես էին զարգանում իրադարձությունները, դատավոր տիկին Մելիքսեթյանն առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Տիկին Մելիքսեթյանի վերաբերյալ եկեք ես գնահատական չտամ, ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, կարելի է ասել, որ այս կալանավորումն ամեն կերպ փորձեց պահպանել՝ Լուսինե Աբգարյանն էր։ Նրա վերաբերյալ ևս հարցրեք՝ քանի ծանր գործով է Լուսինե Աբգարյանը կարողացել իրականում դատարանին հարիր արդարադատություն իրականացնել, և հետո նաև հարցրեք պարոն Միսակյանին՝ որպես դատավորի, արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին, ու այս բանաձևի մեջ դուք ամեն պատասխան կգտնեք»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Այնուհետև նա շնորհավորեց Արմեն Չարչյանի հարազատներին ու ընկերներին և տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը վերցնելու է իր պատգամավորական մանդատը։ Նրա գրավի չափը 15 միլիոն դրամ է։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ արդարադատությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում։

Վերջինս տեղեկացրեց, որ գրավի վճարման պահից Արմեն Չարչյանը ազատ կարձակվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ