«Այո, Կամերայինը մեռնող թատրոն է. Ռեսուրսները պետք է ճիշտ գնահատվի եւ տնօրինիվի ». Հրաչյա Հակոբյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու վերաբերյալ կամերայինցիների եւ մնացածի դժգոհություններն անընդունելի են:

Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նա 1 տարի առիթ է ունեցել աշխատել Պետական կամերային երաժշտական թատրոնում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ տեղյակ է նախագծի գոյության մասին, կարծում է, որ այն դրական փոփոխություններ կբերի ոլորտում. «Չէի ասի, թե անթերի նախագիծ է, բայց վատն էլ չէ»:

Ինչ վերաբերում է երկու թատրոնների համատեղ աշխատանքին, ապա, ըստ Հրակոբյանի, այն իրատեսկան է, դժվար թե որեւէ խոչընդոտ լինի. «Երկու թատրոններն էլ երաժշտական են, նրանց ոճերն էլ գրեթե նույնն են, այնպես որ խնդիր չեմ տեսնում»:

Ըստ կամերայինցիների՝ ԿԳՄՍ նախարարությունն իրենց թատրոնը համարում է մեռնող, գրեթե մեռած: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հրաչյա Հակոբյանն էլ է այն կարծիքին, որ Կամերային թատրոնը մեռնող է: Նա ասաց՝ այո, մեռնող թատրոն է: «Ես դա հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ առիթ ունեցա աշխատել այդ թատրոնում: Հիշում եմ՝ բեմադրվում էր «Մոխրոտը» ներկայացումը, որի համար մեզ գրեթե 1 տարի պահանջվեց: Երեւի մի 10 ամիս այնտեղ այդ ներկայացման փորձերն էին ընթանում, ես եւս ընդգրկված էի այդ ներկայացման մեջ ու զարմացած էի, թե ինչու է ամեն ինչ այսքան ձգձգվում: Չեմ կարծում, թե դա այն ներկայացումն էր, որ ահռելի մեծ աշխատանք էր պահանջում, որի փորձերն այդքան երկար պիտի տեւեն: Ներկայացումը շատ թեթեւ էր եւ կարելի էր առավելագույնը 3-4 ամսում ավարտել»,-մանրամասնեց Հակոբյանը, նշելով, որ իր պատմածը, եթե չի սխալվում, եղել է 2009 թվականին:

Հարցին, թե թատրոնից դուրս գալուց հետո հետաքրքրվե՞լ է, այնտեղ ինչ ներկայացումներ են բեմադրվել կամ ինչ աշխատանք է առհասարակ արվել, Հակոբյանն ասաց. «Դուրս գալուց հետո շատ ծանրաբեռնված եմ եղել, ժամանակ չեմ ունեցել հետաքրքրվել, արդյոք թատրոնը պրոգրես ունեցել է, թե չէ: Բայց կարծում եմ՝ եթե էական առաջխաղացում լիներ, նախ, ես կիմանայի այդ մասին, հետո ԿԳՄՍ նախարարությունը նման նախագիծ չէր բերի եւ առաջարկի: Ի վերջո նման նախագիծ բերելն ինքնանպատակ չէ: Ռեսուրսները պետք է ճիշտ գնահատվի եւ տնօրինիվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ